ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի — Sputnik. Հունիսի 21-ն ամառային արևադարձի օրն է։ ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն այս մասին հիշեցրել է ֆեյսբուքյան իր էջում։
«Ժողովուրդ, այսօր ամառային արևադարձն է։ Հունիսի 21-ին հյուսիսային կիսագնդում լինում է ամենաերկար ցերեկը, Հայաստանում 15 ժամ 2 րոպե»,- գրել է նա։
Հունիսի 21-ին, Գրինվիչի ժամանակով առավոտյան 05:04-ին Արեգակն իր թվացյալ երկնային շարժման ընթացքում անցնում է երկնային հասարակածի նկատմամբ իր ամենաբարձր կետով, ինչն էլ աստղագիտական ամռան սկիզբն է համարվում: Այդ օրը կոչվում է ամառային արևադարձի օր, և դիտվում են տարվա ամենաերկար ցերեկն ու ամենակարճ գիշերը: Երկրի պտտման առանցքը թեքված է Երկրի` Արեգակի շուրջ պտտման ուղեծրի հարթության նկատմամբ (23°26'), ինչն էլ պայմանավորում է տարվա եղանակների փոփոխությունը:
Հանրապետության տարածքում`հունիսի 21-ի երեկոյան ժամերին, հիմնականում հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Հունիսի 21-ին Երևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 17-20 մ/վ արագությամբ:
Մայրաքաղաքում այսօր օդի ջերմաստիճանը կկազմի 32-34, գիշերային ժամերին` 17-19 աստիճան տաքություն։