ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի — Sputnik. ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի գրասենյակը հայտարարություն է տարածել՝ հերքելով թուրքական լրատվամիջոցների տարածած տեղեկությունը, համաձայն որի ռուսաստանաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյանին պատկանող « շքեղ զբոսանավերը վառելիքի լիցքավորման համար կանգ են առել Թուրքիայում, Բոդրումի նավահանգստում»։
«Երեկվանից առանձին կայքեր արտատպում են թուրքական որոշ լրատվամիջոցների խայծը, թե իբր Սամվել Կարապետյանին պատկանող «զբոսանավերը վառելիքի լիցքավորման համար կանգ են առել Թուրքիայում, Բոդրումի նավահանգստում»: Թուրքական ԶԼՄ-երի այս տեղեկությունն ինքնին անհեթեթություն է, քանի որ Սամվել Կարապետյանը նման սեփականություն չունի, ավելին՝ ունենալու ցանկություն էլ չկա: Ուշագրավ է, որ գրեթե բառացի նման մի տեղեկություն էլ շրջանառության մեջ էր դրվել անցյալ տարի, ինչը ևս հերքվել էր»,- նշված է Սամվել Կարապետյանի եղբոր` ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի գրասենյակի տարածած հայտարարության մեջ:
Նախօրեին թուրքական «Հյուրիեթ» պարբերականը լուր էր տարածել, թե հայ գործարար Սամվել Կարապետյանին պատկանող 120 մլն դոլարանոց զբոսանավը կանգ է առել թուրքական Բոդրում ծովափնյա քաղաքի նավահանգստում: Նշվել էր, որ թուրքական նավահանգստում 87 մետր երկարություն և 6 լյուքս սենյակ ունեցող «Garçon» զբոսանավին մատակարարվել է 235.000 լիտր վառելիք. և լիցքավորման գործընթացը տևել է մի քանի ժամ: