ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի — Sputnik. 2017թ. ամառային զորակոչի անցկացման գործընթացի թափանցիկության և օրինականության ապահովման, զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումներում և բողոքներում բարձրացված հարցերի արագ լուծման նպատակով ստեղծված հանձնաժողովի նախագահ է նշանակվել ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման համար Հանձնաժողովի նիստերը կանցկացվեն ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի աշխատավայրում (հասցեն` Մոսկովյան 5), յուրաքանչյուր երկուշաբթի և հինգշաբթի օրերին` ժամը 10.00-ից մինչև 18.00-ն:
Քաղաքացիների դիմում-բողոքներն ընդունվում են շաբաթվա բոլոր աշխատանքային օրերին` Հասարակական խորհրդի աշխատավայրում:
Հանձնաժողովի նիստերը բաց են լրատվամիջոցների համար:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 010 52-34-82 հեռախոսահամարով: