ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի — Sputnik. Ամերիկահայ շախմատիստ, 16-ամյա Սամուել Սևյանն առաջին տեղը զբաղեցրեց Կոլումբիայի Մեդյելին քաղաքում ավարտված Ամերիկայի մայրցամաքային առաջնությունում: Այս մասին հայտնում է Chess-results կայքը։
Վերջին տուրում նա ոչ-ոքի է խաղացել պերուացի Խորխե Կորիի հետ։ Նա և ևս յոթ շախմատիստներ վաստակել են 8,5-ական միավոր: Լրացուցիչ հաշվարկներով մրցաշարի հաղթող եւ Ամերիկայի մայրցամաքային առաջնության չեմպիոն է հռչակվել Սամուել Սևյանը:
Սևյանը հայտնի է նաև նրանով, որ հասել է 2500-ից բարձր վարկանիշի և գերազանցել Ռոբերտ Ֆիշերի ռեկորդը` 13 տարեկանում դառնալով ԱՄՆ-ի ամենաերիտասարդ գրոսմայստերը։