ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի — Sputnik. Կալիֆոռնիայի նահանգի օրենսդիր ժողովը հաստատել է 2017-2018 թվականների բյուջեն, որով նախատեսվում է 3 մլն դոլար հատկացնել հայ–ամերիկյան թանգարանի կառուցման համար։ Այս մասին հայտնում է Asbarez թերթը։
Ամերիկայի հայկական թանգարանը կոչված է նպաստելու հայկական մշակույթի պահպանման ու հանրահռչակման, ինչպես նաև մշակութային փոխանակում իրականացնելու գործին։
Ինչպես ավելի վաղ գրել էր պարբերականը, Կալիֆոռնիայի սենատի անդամ Էնթոնի Պորտանտինան, սենատորներ Քևին դե Լեոնի և Ռիչարդ Ռոտի աջակցմամբ, կազմակերպել է Հայկական թանգարանի գործադիր խորհրդի անդամ Զավեն Ղազարյանի նախապատրաստած շնորհանդեսը, որի ընթացքում վերջինս դիմել է թանգարանի շինարարության համար ընդհանուր առմամբ 4 մլն դոլար հատկացնելու խնդրանքով։
Ավելի վաղ՝ մայիսի սկզբին, Կալիֆոռնիայի նահանգապետ Ջերի Բրաունը վերանայել էր նահանգի պետբյուջեն և 1 մլն դոլար հատկացրել Pasadena Playhouse թատրոնի և Գլենդելի հայ-ամերիկյան թանգարանի համար։
Հայկական թանգարանի հիմնական նպատակը ամերիկահայերի փորձառության, ինչպես նաև ԱՄՆ ազգային և մշակութային բազմազանության ցուցադրումն է։ Սպասվում է, որ թանգարանը կամուրջ կհաստատի Լոս Անջելեսում բնակվող տարբեր մշակույթների ներկայացուցիչների միջև, ցուցահանդեսների անցկացման, ինչպես նաև հասարակական նախագծերի իրականացման և մշակութային գործակցության հարթակ կդառնա։
Բացի այդ, այն կոչված է դառնալու մի կենտրոն, որը կպատմի այցելուներին Հայաստանի պատմության և ամերիկահայերի մասին, ինչպես նաև հայկական մշակութային ժառանգության պահպանման ինստիտուտ կդառնա։ Թանգարանի շենքում գործելու են ցուցասրահներ, ուսումնական կենտրոններ, փոքր թատրոն և լսարաններ։ 1,7 հա մակերեսով թանգարանը շրջապատված է լինելու գեղեցիկ այգով։