ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի — Sputnik. Աշխատանքային խորհրդակցության ընթացքում, մասնավորապես, քննարկվեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից կառավարությանը ներկայացված «Սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայություն», «Սեյսմիկ պաշտպանության հարավային ծառայություն», «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միացման ձևով վերակազմակերպելու և «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանելու մասին նախագծի իրականացման գործընթացը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից։
Նախարար Տոնոյանը նախանշեց ոլորտում առկա այն խնդիրները, որոնք օպտիմալացման արդյունքում լուծում կստանան: Առաջնայիններից է ժամանակակից նորագույն տեխնոլոգիաներով հետազոտությունների իրականացումը: Հետազոտությունների արդյունավետությունը չափվում է կանխատեսումներ անելու և դրա հիման վրա ազդարարման համակարգ ներդնելու հնարավորությամբ, իսկ որակյալ հետազոտություն իրականացնելու համար անհրաժեշտ են նորագույն սարքավորումներ և տեխնոլոգիաներ:
«Հայաստանը Սեյսմիկ պաշտպանության ծառայության մոնիթորինգային համակարգով և հետազոտություններով պետք է կարողանա պատշաճ ներկայացվածություն ունենալ միջազգային հարթակում: Մենք պետք է հասնենք սեյսմիկ վտանգը կանխատեսելու և այդ մասին բնակչությանը վաղ ազդարարելու կարողության»,-շեշտեց նախարարը:
Օպտիմալացման արդյունքում նախատեսվում է նաև ակտիվացնել միջազգային համագործակցությունը: Դրամաշնորհային մեծ ծրագրերից չզրկվելու համար հայկական կողմը պետք է կարողանա ապահովել արժանավայել համաֆինանսավորում:
Նախատեսվում է միջոցներ ուղղել թիրախային խոցելի խմբերի հետ տարվող աշխատանքներին (երեխաներ, ծերեր, կանայք, հաշմանդամություն ունեցող անձինք և այլն): Մասնավորապես, դպրոցներում, մանկապարտեզներում, մանկատներում, հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար նախատեսված դպրոցներում ուսումնական աշխատանքներ իրականացնել երկրաշարժի ժամանակ վարքականոնների վերաբերյալ, ինչպես նաև՝ ուսումնական ձեռնարկներ մշակել տարբեր թիրախային լսարանների համար:
ԱԻ նախարարն անդրադարձավ ոլորտում առկա կադրային խնդրին՝ նշելով, որ լավագույն մասնագետներին ներգրավելու համար հարկավոր են ֆինանսական միջոցներ: Դ. Տոնոյանը հանձնարարեց օպտիմալացման արդյունքում նախատեսվող ծրագրում ներառել, այսպես կոչված, Խրախուսման ֆոնդ հասկացությունը, ինչը թույլ կտա համակարգ ներգրավել ոլորտի լավագույն մասնագետներին: