ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի — Sputnik. Հայաստանի հնագույն լեռնային վանքերում լիովին զգում ես հոգևորի հետ կապը։ Սակայն սա ամենը չէ։ Այդ երկիրն անսահման ջերմ է ու հյուրընկալ. հայաստանյան այցից հետո «Պրավդա Սևերա» պարբերականում իր տպավորություններն է ներկայացրել ռուս լրագրող Ալեքսեյ Մորոզովը։
«Չորս օրվա ընթացքում ես սիրեցի ջերմ ու հյուրընկալ Երևանը, անծայրածիր Սևանա լիճը, Գառնու հեթանոսական տաճարը, Գեղարդի ու Տաթևի հնագույն վանքերը», – նշում է ճամփորդական ակնարկի հեղինակը։
Նա անջնջելի տպավորություններ է ստացել հատկապես Տաթևի վանական համալիրից։
«Վանքը գտնվում է լեռան վրա, տպավորություն է ստեղծվում, որ այն պարփակված ու մեկուսացած է։ Տաթևում գտնվելու զգացողություններն իսկապես աննկարագրելի են։ Կանգնում ես գմբեթի տակ ու զգում ես Աստծու ներկայությունը։ Հայաստան այցելելիս անպայման գնացեք Տաթև։ Ինչպես նաև ճոպանուղի նստեք։ Անբացատրելի զգացողություններ են։ Արտասովոր և ռոմանտիկ։ Անհաղթ ու ահռելի թվացող լեռներն այստեղ տեսնում ես մի փոքր ճոպանուղու խցիկից», – գրում է Մորոզովը։
Հեղինակը հասցրել է այցելել նաև Երևանի կոնյակի գործարան, «Վերնիսաժ», Կասկադ։ Մորոզովը նկատել է նաև, որ քաղաքում շատ են զբոսաշրջիկները, որոնք Հայաստանի մայրաքաղաք են այցելել Լեհաստանից, Չինաստանից, Ֆիլիպիններից, Բելառուսից, Իրանից ու Ռուսաստանից։