«Հայոց աշխարհ». Սպանված Ավետիսյանների հարազատները պահանջում են
Ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի կողմից երկու տարի առաջ սպանված գյումրեցի ընտանիքի հարազատները ՍԴ-ից պահանջում են հակասահմանադրական ճանաչել Շիրակի մարզի դատարանի որոշումը, որով նրանց արգելվեց Ռուսաստանից 450 հազար եվրո փոխհատուցում պահանջել։ Գործը Սահմանադրական դատարան ներկայացրած փաստաբաններ Լուսինե Սահակյանի ու Արամազդ Կիվիրյանի պնդմամբ՝ քաղաքացիական հայցի մերժմամբ տուժող կողմը զրկվել է արդար դատաքննության իրավունքից։
Լուսինե Սահակյանի համոզմամբ՝ Ռուսաստանը պարտավոր էր փոխհատուցել այդ գումարը։
«Հայկական ժամանակ». Պետոյանը Ծառուկյանից փախած է ման գալիս
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Շիրակի մարզի Արթիկ քաղաքից ստացված տեղեկության համաձայն՝ նախկին ԲՀԿ-ական և ԱԺ պատգամավոր Մուշեղ Պետոյանը Արթիկից հարկադրված արտագաղթել է կամ փախել: Ինչպես Արթիկում է շրջանառվում, պատճառը մի քանի տարվա պատմություն ունի: Բանն այն է, որ երբ Պետոյանը ԲՀԿ-ական էր և վայելում էր Գագիկ Ծառուկյանի բարձր հովանավորությունը, նրանից 2 միլիոն դոլար է վերցրել՝ Արթիկում ինչ-որ գործեր անելու համար, որպեսզի հաջորդ ընտրությունների ժամանակ արթիկցուց քվե խնդրելիս ցույց տա, որ իրենք արած գործեր ունեն:
Այս օրերին Արթիկում թիվ մեկ քննարկման և խոսակցության թեման այժմ սա է:
2015-ի փետրվարյան հայտնի դեպքերից հետո, երբ ՀՀԿ-ի էլիտան «որակազրկեց» ԲՀԿ-ին, Պետոյանը հայտնի ԲՀԿ-ականների հետ լքել էր սիրելի Ծառուկյանին, բայց մոռացել էր վերադարձնել պարտքով վերցրած 2 միլիոն դոլարը:
Այժմ Գագիկ Ծառուկյանը Պետոյանից հետ է պահանջում իր գումարները, սակայն, ինչպես արթիկցիներն են ասում, Պետոյանն ընդհատակ է անցել. Ծառուկյանից փախած է ման գալիս:
Արթիկից փոխանցված տեղեկության համաձայն` Պետոյանը փախել է Անապա, որտեղ հյուրանոց ունի, և այժմ էլ ընթանում է վերջինիս շքեղ առանձնատան շինարարությունը: Սակայն, ինչպես Ծառուկյանի շրջապատի աղբյուրներն են պատմում, Գագիկ Ծառուկյանը խոստացել է Պետոյանին գտնել՝ թեկուզ գետնի տակից, և հետ վերցնել իր գումարները:
«Հրապարակ». Վահրամ Բաղդասարյանի փեսայի եղբորը և Կարայանի աներորդուն հարկայինի պետեր են նշանակել
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի փեսայի՝ Արտավազդ Սարգսյանի եղբորը՝ Կարեն Սարգսյանին, Սևանի հարկային տեսչության պետի պաշտոնից տեղափոխել են Արմավիրի հարկայինի պետ։
Որոշ ժամանակ առաջ նա դեռ շարքային տեսուչ էր, հետո սրընթաց վերելք ապրեց՝ դառնալով Արաբկիրի հարկային տեսչության պետի տեղակալ, ապա նշանակվեց Կոտայքի հարկայինի պետ, այնուհետև գնաց Սևանի հարկայինի պետ, այժմ տեղափոխվել է գեներալների մարզ։
Մեկ այլ ուշագրավ նշանակում էլ է եղել՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի աներորդուն՝ Արթուր Խաչատրյանին, նշանակել են Իջևանի հարկայինի պետ։ Մինչ այդ Մաշտոցի պետի տեղակալն էր։ Նա համակարգում բարեխիղճ աշխատողի համբավ ունի»:
«168 ժամ». Ադրբեջանը կարող է թյուրըմբռնում ունենալ, թե դա լավ ժամանակ է հարձակվելու համար
«168 ժամ» թերթը գրում է. «Ընդհանուր առմամբ՝ ոչ ոք չի կարող ասել, որովհետև անկանխատեսելի փոփոխական գործոններ կան։ Առաջինը՝ նախագահ Սերժ Սարգսյանը ցանկանո՞ւմ է մնալ պետության ղեկավար՝ դառնալով վարչապետ։ Մենք դեռ չգիտենք դա։ Ինձ թվում է՝ նա դեռ վերջնական որոշում չի կայացրել։
Երկրորդ գործոնը՝ պառլամենտական համակարգին անցում կատարելու առումով արդյոք կառավարման այս համակարգը մեզանում կարո՞ղ է աշխատել։ Այն դեռևս փորձարկված չէ, աննախադեպ է։ Մենք բավարար չափով վստահ չենք՝ արդյոք ինստիտուտները՝ խորհրդարանը և այլն, կկարողանա՞ն պետությունն ավելի լավ կառավարել։ Ես դրա պատասխանը չունեմ և կարծում եմ, որ ոչ ոք չգիտի դա։ Եվ սա նույնպես վտանգավոր է, քանի որ 2018 թ. ապրիլից հետո սկսվում է պոտենցիալ անկայունության շրջան»,- «168 ժամ»-ին ասել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Գիրագոսյանը՝ մեկնաբանելով, թե 2018 թվականից հետո Հայաստանում քաղաքական զարգացումներն ինչպիսին կլինեն։
Ըստ նրա՝ երբ նոր Սահմանադրությունը վերջնական ուժի մեջ մտնի, և ՀՀ բանակը չունենա գլխավոր հրամանատար, Ղարաբաղի կամ ՀՀ ազգային անվտանգության հետ կապված վտանգներ չկան, սակայն այդ ժամանակ սպառնալիքներ կարող են լինել Ադրբեջանից. «Ընդհանուր առմամբ՝ ոչ, ես չեմ տեսնում որևէ վտանգ Ղարաբաղի կամ ազգային անվտանգության հետ կապված, բայց այստեղ այլ վտանգ կա, որ Ադրբեջանը կարող է թյուրըմբռնում ունենալ, թե դա լավ ժամանակ է հարձակվելու համար, որովհետև Հայաստանն ապակայունացել է և թույլ է։ Այսինքն՝ այդ վտանգն ավելի շատ կապված է Ադրբեջանի ռեակցիայի կամ նրա կողմից թյուրըմբռնման հետ»։