ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի — Sputnik. Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանից հանձնարարական ստացավ ուսումնասիրել հունիսի 13-ի կարկտահարության հետևանքները և հասկանալ, թե ինչ աջակցություն կարելի է տրամադրել գյուղացիներին։ Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը գյուղացիների հոգսը թեթևացնելու կոնկրետ ծրագրեր ունի, բայց դրանք գործի կդրվեն միայն 2018 թվականից։
Իսկ հարցին, թե մինչ այդ ի՞նչ պետք է անի գյուղացին, Իգնատի Առաքելյանը պատասխանեց` կա՛մ պետք է շարունակի իր գործը, կա՛մ պետք է դադարի գյուղատնտեսությամբ զբաղվել։
«Գյուղացին այսօր հակակարկտային ցանց գնելու հնարավորություն չունի, իսկ ապահովագրության համակարգ չկա։ Գյուղացին ուրիշ բան չի կարող անել։ Մյուս տարբերակն է չզբաղվել գյուղատնտեսությամբ, այսօր չկա ուրիշ տարբերակ։ Գյուղացին այսօր որոշում է զբաղվել գյուղատնտեսությամբ, ուրեմն նա պետք է հաշվի առնի իր և այսօրվա երկրում առկա ռիսկերը`կարկտահարություն, ցրտահարություն, բնական և ոչ բնական աղետներ»,-ասաց նախարարը։
Նրա խոսքով` հաջորդ տարի կներդրվի ապահովագրական համակարգը, իսկ այդ դեպքում գյուղացին ավելի ապահով կլինի։
«Այսօր, ցավոք սրտի, գյուղացին պետք է որոշի զբաղվի, թե չզբաղվի գյուղատնտեսությամբ»,- ասաց նա։
Լրագրողի այն դիտարկմանը, որ ուրեմն գյուղացին պետք է հավաքի իրերն ու արտագաղթի, նախարարը հորդորեց ամեն ինչին վատ աչքով չնայել։
Նշենք, որ հունիսի 13-ին տեղացած կարկտահարությունից առավելապես տուժել են Արմավիրի մարզի համայնքները, այդ թվում` Դողսը, Այգեշատը, Մրգաստանը, Ամբերդը, Շահումյանը և այլն։ Վնասի չափը պարզելու նպատակով տեղում ստեղծվել են համայնքային հանձնաժողովներ, որոնք իրենց ուսումնասիրության արդյունքները կամփոփեն ու կներկայացնեն կառավարությանը։ Վնասի վերաբերյալ պաշտոնական տվյալներ առայժմ չկան։