ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի — Sputnik. Դատական բարեփոխումների մասին խոսելիս արդարադատության նախարար Դավիթ Հարությունն ասաց, որ կտրուկ քայլեր լինելու են, բայց «կտրուկ» բառը չի նշանակում արագ։
«Բավականին փորձ ունեմ հասկանալու, թե կտրուկ քայլերն ինչպես են կտրուկ ավարտվում և երբեմն չեն հասնում այն արդյունքին, որին պետք է հասնել»,- ասաց նա։
Նախարարը վստահեցրեց, որ ցանկացած քայլ անելիս շտապելու են, բայց քայլերը հաստատուն են լինելու։
«Կան հստակ ձևակերպված խնդիրներ, որոնք հիմա փորձում ենք լրամշակել, վերջնական տեսքի բերել, քայլ առ քայլ, առանց կանգ առնելու գնալու ենք առաջ»,- ասաց նախարարը` շեշտելով, որ ամեն ամիս քայլ են կատարելու յուրաքանչյուր ոլորտում։
Նրա համոզմամբ` արդարադատությունն այն համակարգն է, որտեղ իրականացվող ցանկացած նոր քայլ կամ բարեփոխում պետք է ուղեկցվի հանրային քննարկմամբ կամ հրապարակային ներկայացմամբ։
«Դատական համակարգի հետ կապված բազում խնդիրներ կան, դրանք չի կարելի պարզունակ գնահատել զուտ կոռուպցիոն տեսանկյունից. ժամանակատարության, դատական պրոցեսի մատչելիության խնդիրներ կան»,-ասաց նա։