ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի — Sputnik. Կիևում, Աստվածամոր սրբապատկերի օրվա հռչակման 226-ամյակին նվիրված միջոցառման շրջանակներում, աննախադեպ ցուցահանդես է բացվել, հայտնում է AnalitikaUA.net–ը։
Ցուցահանդեսը կազմակերպել էր Ուկրաինայի հայերի միությունը Ուկրաինայի ճարտարապետների միության աջակցությամբ։
Ցուցահանդեսի նախապատրաստական աշխատանքները տևել են մոտ յոթ ամիս։ Այնտեղ ներկայացվել են ավելի քան երկու տասնյակ հայտնի սրբապատկերներ Ուկրաինայի հայկական տարբեր տաճարներից։ Հարգի, թագակիր սրբապատկերները, որոնց մասին դարերով լեգենդներ են հյուսվել, գիտական աշխատանքներ գրվել, առաջին անգամ են ներկայացվում լայն հասարակությանը։
Ինչպես նշեց Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը, ներկայացրած սրբապատկերները մեր ժողովրդների վաղեմի բարեկամության վկայությունն են։ Շնորհանդեսն անցկացրել է հայտնի ուկրաինացի պատմաբան, Ուկրաինայի հայերի միության պատմամշակութային ժառանգության հարցերով կոմիտեի ղեկավար Դավիթ Դավթյանը։ Ներկա էին հայ և ուկրաինացի հոգևորականներ, Ուկրաինայում ՀՀ դեսպանատան ներկայացուցիչներ, հայտնի գիտնականներ, հասարակական և քաղաքական գործիչներ, դիվանագետներ։
Հայկական մշակույթին նվիրված ևս մեկ միջոցառում ` «Հայկական խաչքարներ» ցուցահանդեսը կանցկացվի հունիսի 16-ից 27-ը, «Սոֆիա Կիևսկայա» ազգային արգելոցում։ Ինչպես հայտնի է, Ուկրաինայի հայերը դարերի ընթացքում զգալի նյութական և հոգևոր ժառանգություն են թողել։ Ուկրաինայի հայերի միությունն ակտիվ աշխատանք է տանում ազգային պատմական արժեքների հանրահռչակման ուղղությամբ։