ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի — Sputnik. Լոնդոնի արևմտյան հատվածում շարունակում է այրվել 27-հարկանի Grenfell Tower բնակելի աշտարակը։
Հրդեհի տուժած 50-ից ավելի մարդ հիվանդանոց է տեղափոխվել: Կան նաև զոհեր, սակայն նրանց ստույգ թիվը դեռևս չի հրապարակվել: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։
Աշտարակի բնակիչները, որոնց հաջողվել է դուրս գալ շենքից, պատմել են, որ իրենց ամբողջ ունեցվածքն այրվել է, քանի որ իրենք խուճապահար փախել են՝ չկարողանալով իրենց հետ ինչ-որ բան վերցնել:
Բնակիչներից մեկը պատմել է, որ սկզբում նկատել է, որ հարևանի տնից ծուխ է դուրս գալիս, սակայն դրան կարևորություն չի տվել: Երբ լսել է կողքի տնից եկող բղավոցները, նոր հասկացել է, որ լուրջ բան է կատարվում:
«Ես բախտավոր եմ, որ ողջ եմ, քանի որ շատերը դեռևս ներսում են»,-պատմել է նա:
Մարդկանց մի մասն էլ պատմել է, որ արդեն 5 ժամ է, ինչ իրենք լքել են այրվող շենքը, սակայն տեղեկություն չունեն ներսում մնացած բարեկամների մասին: