ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի — Sputnik. Հորդառատ անձրևների և երկու օր առաջ տեղի ունեցած կարկտահարության հետևանքով Արմավիրի մարզում տուժել է շուրջ տասը գյուղ։ Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը վստահեցնում է, որ այս անգամ էլ հակակարտային կայաններն անարդյունավետ են գործել։
«Տասը տարուց ավել է պնդում ենք` հակակարկտային կայանները բանի պետք չեն։ Իսկ գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուները կանգնում ու ասում են, որ կարկուտն է շատ հզոր եղել։ Այս խեղկատակությանը հարկավոր է վերջ տալ։ Գյուղատնտեսության նախարարը պետք է պաշտպանի գյուղացու, ոչ թե հակակարկտային կայանների շահերը։ Շատ հետաքրքիր է, թե ում են արջի ծառայություն մատուցում»,–ասաց Հրաչ Բերբերյանը։
Ագրարագյուղացիական միավորման նախագահը, տեսնելով հակակարկտային կայանների անարդյունավետությունը, առաջարկում է կարկտահարությունից պաշտպանվելու համար ցանցային համակարգ ներդնել։ Իսկ դրա արդյունավետությունը, բանախոսի վստահեցմամբ, մոտ 70 տոկոս է։
«Կառավարությունը պետք է վարկային կոմպոնենտ ստեղծի, որ ցանցային համակարգ ներդրվի։ Սա 2-3 աստիճանով մեղմացնում է կարկտահարությունը»,–ասաց նա։
Բերբերյանը համոզված նշում է, որ Արմավիրի մարզի 10 գյուղում բերքը հարյուր տոկոսով վերացել է։ Այստեղից պարզ է դառնում, որ գյուղացիներն ի վիճակի չեն լինի վարկային պարտավորությունները կատարել։
«Կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկի, որպեսզի գյուղացու վարկերը սառեցվեն, նրանք չեն կարող վարկերը փակել։ Նախորդ տարի ուղղակի գյուղացու վարկերի ժամկետը երկարացրեցին, գյուղացուն թաղեցին վարկերի տակ»,–ասաց Բերբերյանը։