ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի — Sputnik. Թեհրանում ահաբեկչություն իրականացրած անձինք սերում են Իրանի Քրդստան նահանգի Ավրամանի շրջանից, որտեղ բնակչության հիմնական մասը կազմում է իսլամական միջնադարում Իրանի մերձկասպյան Դեյլամի լեռնային շրջանից դուրս եկած գաղթականությունը, որը խոսում է դլմկերենին (զազայերեն), թալիշերենին և գիլաներենին մոտ գորանի լեզվի բարբառներից մեկով, սակայն էթնիկական ինքնության առումով իրեն նույնացնում է քրդերի հետ: Իր ֆեյսբուքյան էջում հայտնում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Այս շրջանի բնակչության հիմնական մասը սուննիական իսլամի շրջանակում հարում է սուֆիական կադիրիյյա ուխտին, որի միջավայրից էլ այսօրվա «Իսլամական պետության» նախահիմք՝ սպանված ահաբեկիչ ալ-Զարկավիի ղեկավարած «Միաստվածության և հավատո պատերազմի համայնքը» ժամանակին հավաքագրել է որոշակի թվով հետևորդներ, որոնք հետագայում մասնակցել են Իրաքի և Սիրիայի տարածքներում զինված ահաբեկչական գործողությունների,- գրում է իրանագետը և հավելում,- պատմությունն ունի տարօրինակ շրջադարձեր. մոտ հազար տարի առաջ հենց այս ահաբեկիչների նախնիները, դուրս գալով Դեյլամից, հայտնի արևելագետ Վլադիմիր Մինորսկիի եզրաբանությամբ՝ ապահովում էին արաբական և սելջուկյան արշավանքների միջև ընկած իրանական քաղաքական և մշակութային վերածննդի «ինտերմեցցոն»՝ Բաղդադի խալիֆներին պահելով որպես խամաճիկներ, իսկ այժմ զինված գործողությունների են գնում հանուն ահաբեկչական կեղծ խալիֆայության գաղափարների»:
Հունիսի 7-ին Իրանի մայրաքաղաք Թեհրանում, իրանական խորհրդարանի շենքում և իմամ Խոմեյնիի դամբարանի մերձակայքում ԻՊ կողմից ահաբեկչական գործողություն էր իրականացվել, որի հետևանքով զոհվել էր 17 մարդ: