ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի — Sputnik. ՌԴ Վորոնեժի մարզում երեք մարդ է տուժել Մոսկվա-Երևան երթուղին իրականացնող ավտոբուսի ճանապարհից դուրս գալու պատճառով: Այդ մասին հայտնում է ՌԴ ՆԳՆ մարզային գլխավոր վարչության մամուլի ծառայությանը:
Վթարը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։20–ին։ Նախնական տվյալներով` ռուսական «Մերսեդես» մակնիշի ավտոբուսի 35–ամյա վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը, և այն շուռ է եկել։
«Այսօր առավոտյան Վերխնեմամոնսկի շրջանում Մ-4 «Դոն» ավտոճանապարհի 717-րդ կիլոմետրին Mercedes-Benz ավտոբուսի վարորդը կորցրել է տրանսպորտային միջոցի կառավարումը և դուրս եկել ճանապարհից: ՃՏՊ-ի հետևանքով վիրավորվել է երեք մարդ: Ավտոբուսում կար 39 ուղևոր։ Այն իրականացնում էր Մոսկվա-Երևան երթուղին»,- հայտնել են մամուլի ծառայությունից:
ՆԳՆ տվյալներով՝ վիրավորներից երկուսը երեխա են՝ յոթնամյա մի տղա և իննամյա մի աղջիկ։ Վիրավորները միջին ծանրության վնասվածքներով հոսպիտալացվել են:
Ոստիկանությունը ՃՏՊ-ի առնչությամբ ստուգում է իրականացնում: