«Հայկական ժամանակ». ո՞վ է մեղավոր երևանյան հեղեղումների համար
«Հայկական ժամանակն» անդրադարձել է երեկ Երևանում անձրևից ու կարկուտից հետո տեղի ունեցած հեղեղումներին։ Թերթը լուսանկարներ է հրապարակել, որտեղ պատկերված են Մաշտոցի պողոտայի տրանսպորտային ստորգետնյա հանգույցն ու կիսով չափ ջրով ծածկված ավտոմեքենաները։
«Երեկ Երևանում կրկին ջրհեղեղ էր։ Ճիշտ այնպիսին, ինչպիսին լինում է նորմայից փոքր-ինչ ավելի տեղումներից հետ»,- գրում է «Հայկական ժամանակը» և ավելացնում, որ նոր կառույցների ինժեներական սխալների հետևանքով նման վիճակը Երևանում առաջին անգամ չէ։
«Այսպես էլ տարիներ շարունակ պարզ չի դառնում` դրանք ունեն նախագծային սխալներ, թե ընթացիկ սպասարկումն է իրականացվում թերություններով»,- գրում է թերթը։
«Հայկական ժամանակը» գրում է, որ նույն վիճակն էր երեկ երեկոյան նաև Լենինգրադյան փողոցում, որտեղ հեղեղումները սկսվել են այն բանից հոտ, երբ այդ հատվածում կառուցվել են տարատեսակ օբյեկտներ` առանց ջրահեռացման անհրաժեշտ չափանիշները հաշվի առնելու։
«168 ժամ». Մենք մեր գյուղերը կարող ենք պաշտպանել
«168 ժամն» անդրադարձել է վերջին շրջանում Տավուշի մարզի Բաղանիս գյուղի` Ադրբեջանի կողմից գնդակոծման դեպքերին։ Թերթը հիշեցնում է, որ անցած տարի Հայաստանն ու Ռուսաստանը Միացյալ զորամիավորում ստեղծեցին, որը, ըստ փորձագետների կարող է համարժեք պատասխան տալ տարածաշրջանում ժամանակակից սպառնալիքներին։
«Զորամիավորման ստեղծումը լրջորեն անհանգստացրել էր ադրբեջանական կողմին, քանի որ այն կարող է միջամտել հայ-ադրբեջանական բախումներին, եթե դրանք ծագեն պետական սահմանի երկայնքով»,- գրում է թերթը և նշում, որ Բաղանիսի դեպքերին այս զորամիավորումը ոչ մի կերպ չի արձագանքել։
Թերթը այս հարցով զրուցել է ՀՀ պաշտպանության նախարարության Պաշտպանական քաղաքականության վարչության պետի տեղակալ Մհեր Իսրայելյանի հետ և հետաքրքրվել՝ արդյո՞ք ռուս գործընկերները պետք է արձագանքեին նման միջադեպերին։
«ՀԱՊԿ պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն, իհարկե, հարձակումը մեր պետության վրա դիտարկվում է՝ որպես հարձակում բոլորի վրա։ Այդ առումով կարելի է ենթադրել, որ անվտանգության սպառնալիքի դեպքում մենք իրավունք ունենք առնվազն ակնկալել աջակցություն։ Բայց ընթացակարգերը, որոնք նախատեսում են այդպիսի աջակցություն, առաջին հերթին՝ սկսվում են տվյալ երկրի կողմից գործընթացի առաջմղմամբ, այսինքն՝ ներկայացմամբ։ Եթե երկիրը չի դիմում այդ կազմակերպությանը, անվտանգության որևէ սպառնալիքի վերաբերյալ չի ահազանգում և օգնություն չի խնդրում, ավտոմատացման այնպիսի համակարգ չկա, որ իրենք, առանց որևէ մեր դիմումի, գան ու մեզ օգնեն, ինչ-որ ռազմական գործողություն կատարեն»,- թերթի փոխանցմամբ ասել է Մհեր Իսրայելյանը։
Նա նշել է. «Եթե Հայաստանը որոշի, որ մենք մեր ուժերով չենք կարողանում մի գյուղ պաշտպանել, պետք է դիմենք Ռուսաստանին, բնականաբար, կդիմենք»։
«Փաստ». ՍԴ նախագահի «աթոռակռիվը» մեկնարկել է
«Փաստ» օրաթերթն անդրադարձել է ՀՀ ՍԴ նախագահի փոփոխության ու հավանական թեկնածուների հարցին։
Բանն այն է, որ Գագիկ Հարությունյանը կպաշտոնավարի մինչև 2018-ի մարտ ամիսը,և, թերթի տեղեկություններով, իշխանական վերնախավում քննարկում են, թե ով պետք է փոխարինի նրան»։
«Փաստի» տեղեկություններով՝ Սահմանադրական դատարանի նախագահի թեկնածուները երեքն են՝ Վարդան Պողոսյանը, Հրայր Թովմասյանը, Գևորգ Կոստանյանը:
Ընդ որում, Վարդան Պողոսյանն ու Հրայր Թովմասյանը առանձնապես ոգևորված չեն այս պաշտոնում իրենց անունները հիշատակելուց:
«Հրապարակ». Փողը պետք չէ, մանդատը պետք է
«Հրապարակ». Փողը պետք չէ, մանդատը պետք է
«Հրապարակի» տեղեկություններով` «Ծառուկյան դաշինքի» առաջնորդ Գագիկ Ծառուկյանը որոշել է սեպտեմբերից ավելի ինտենսիվ գալ ԱԺ, մասնակցել նիստերին, իսկ խմբակցության նիստերն` անձամբ վարել։
«Պատճառներից մեկն այն է, որ լրիվ խորհրդարանական կառավարման համակարգին անցնելուց հետո խստացվում է նաև պատգամավորների բացակայության հարցը,- պարզաբանում է թերթը,- եթե նախկինում այդ հարցը լուծվում էր ԱԺ նախագահի միջոցով, բավարարվում էին դիմում գրելով և բացակայությունները հարգելի համարելով, ապա 2018թ.-ից հետո ԱԺ նիստերից բացակայող պատգամավորների հարցը կհայտնվի Սահմանադրական դատարանի լիազորությունների տիրույթում, որն էլ պետք է որոշի՝ հարգելի՞ են արդյոք պատգամավորների բացակայությունները»։
«Մանավանդ՝ կյանքը ցույց տվեց, որ անգամ աշխատավարձից կատարվող պահումները նիստերին չմասնակցելու խոչընդոտ չեն, քանի որ որոշ պատգամավորների, մասնավորապես՝ Ծառուկյանի համար այդ աշխատավարձն առանձնապես որոշիչ չէ, և նրանք աշխատավարձից անգամ կամավոր են հրաժարվում՝ փոխանցելով այս կամ այն կարիքավոր հիմնարկի՝ մանկատան կամ ծերանոցի»,- գրում է «Հրապարակը»։
«Հրապարակ». «Ժառանգությունը» հստակեցնում է անելիքները
Նույն թերթը մեկ այլ հրապարակման մեջ էլ անդրադառնում է «Ժառանգություն» կուսակցության ճակատագրին։ Թերթը նշում է, որ հունիսի 25-ին «Կոնգրես» հյուրանոցում» նախանշված է կուսակցության համագումարը, որի ժամանակ կընտրվի նոր վարչություն ու կներկայացվեն անելիքները։
«Ի դեպ, այս ընթացքում Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպումներ է ունենում տարբեր ուժերի ղեկավարների, ինչպես նաև Սեյրան Օհանյանի, Վարդան Օսկանյանի հետ, առաջարկվել է մեկ կուսակցություն դառնալ։ Մեր աղբյուրի պնդմամբ, «Ժառանգությունում» մեծ ամբիցիաներ չունեն և պատրաստ են խոշոր միավորման դեպքում անգամ հրաժարվել բրենդային անվանումից։ Շաբաթ օրն էլ ընդլայնված կազմով խորհրդի նիստ է տեղի ունեցել, մասնակցել են և Արմեն Մարտիրոսյանը, և Րաֆֆի Հովհաննիսյանը։ Քննարկել են ԱԺ ընտրությունների հարցը, թե ճի՞շտ էր արդյոք ՕՐՕ դաշինքի ձևավորումը, ինչ կլիներ, եթե «Ժառանգությունը» միայնակ մասնակցեր կամ «Ելքի» հետ։ Հանգել են այն մտքին, որ իշխանությունը ցանկություն չի ունեցել «Ժառանգությանը» խորհրդարան տանելու, և «Ելքի» հետ բանակցություններն էլ այդ պատճառով են տապալվել։
Շարքերին ավելի համոզիչ թվալու նպատակով հնչել է նաև այն միտքը, որ «Ելքի» հետ իշխանության բանակցությունները վարել է անձամբ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, որն իր տանը հյուրընկալել է «Ելք» դաշինքի որոշ անդամների»,- գրում է «Հրապարակը»։
«Ժողովուրդ». Վկա չկա, գործը մտավ փակուղի
«Ժողովուրդ» օրաթերթը մանրամասներ է ներկայացնում Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ Սևակ Շհոյանի, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանի, դատավոր Վանիկ Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործից:
Նրանք ձերբակալվել էին դեռ 2014թ-ին մի գործի շրջանակներում կաշառք վերցնելու մեղադրանքով:
«Թերթի տեղեկություններով՝ այս թեմայով իրավապահները սկսել են զբաղվել, երբ ՀՀ գլխավոր դատախազը Գևորգ Կոստանյանն էր՝ հենց նրա ցուցումով: Բայց քանի որ կոնկրետ փաստեր ու բողոք չէր եղել, հնարավոր չէր եղել ապացուցել գումար վերցնելու փաստը: Եվ կաշառք տված Գալստյանները այս թեմայով աղմուկ են բարձրացրել այն բանից հետո, երբ իրենց գործը ցանկալի ընթացք չի ստացել: Սակայն նկատենք, որ այս ժամանակ մահացել է կարևոր վկաներից մեկը՝ դատախազի բարեկամը, որն ըստ ցուցմունքների՝ Գալստյաններից վերցրել է գումարն ու չի տվել դատախազին: Ինչպես նկատվում է՝ գործը մտնում է փակուղի»,- գրում է թերթը: