ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի — Sputnik. Երեկ երեկոյան տեղացած ինտենսիվ կարկուտը որոշ համայնքներում 100 տոկոսանոց վնաս է հասցրել։ Միջին հաշվարկով նշված համայնքներում բերքի կորուստը կազմել է 40-50%: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը։ Նրա խոսքով` վնասվել են ինչպես բանջարաբոստանային կուլտուրաները, այնպես էլ` խաղողի այգիները։
Գյուղատնտեսության նախարարությունը վնասը հաշվարկելու համար հանձնաժողովներ է ձևավորել, որոնք գործուղվել են գյուղեր։
«Հանձնաժողովներին հանձնարարված է, որ համայնքներում արագ գույքագրում կատարեն, չափումներն անեն, ամփոփեն ակտերը, ներկայացնեն կառավարություն։ Կառավարությունն արդեն կորոշի` ինչ է հնարավոր անել»,- ասաց փոխնախարարը։
Հարությունյանը նշեց նաև, որ գյուղացիների հիմնական մտահոգությունը վարկային բեռն է։ «Մարդիկ հիմնականում վարկերի մասին են մտածում, ինչպես են կարողանալու վճարել բանկերին և խնդրում էին զիջելուց բացի նաև բանկերի հարցը կարգավորել, սառեցնել, հետաձգել վճարումները, բայց ոչ թե վերաձևակերպում ու տոկոսների գանձում անեն»,- ասաց փոխնախարարը` միաժամանակ նշելով, որ գյուղնախարարությունը համապատասխան առաջարկները պետք է ներկայացնի կառավարություն։
Փոխնախարարը նաև նշեց, որ ԱԻՆ-ից ստացած տեղեկություններով` հակակարկտային կայաններն Արմավիրի մարզի տարածքում գործել են, բայց, քանի որ կարկտաբեր ամպը եղել է վտանգավորության բարձր աստիճանի, դրանք չեն կարողացել չեզոքացնել վտանգը, այլ միայն որոշ տեղերում մեղմացրել են։
Կարկտից տուժել են նաև Շիրակի, Տավուշի մարզերը, որտեղ ևս գյուղնախարարության աշխատակիցները ճշտում են վնասի չափերը։