ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի — Sputnik. Անդրբայկալում տեղի ունեցած վթարի հետևանքով զոհվածների թիվը հասել է 12-ի, տուժածները գտնվում են հիվանդանոցում, նրանց վիճակը ծանր է, ՌԻԱ Նովոստիին հայտնել են Բուրյաթիայի աղետների բժշկության կենտրոնից։
Կիրակի երեկոյան «Բայկալ» ավտոմայրուղու 702-րդ կմ–ի վրա ուխտավորներ տեղափոխող ավտոբուս է շրջվել։
Անդրբայկալի առողջապահության նախարարության ճշտած տեղեկությունների համաձայն` ավտոբուսը Կարմիր Չիկոյ գյուղից Չիտա 51 մարդ էր տեղափոխում։
«Բուրյաթիայի հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին ևս մի կին է մահացել»,– ասել է գործակալության զրուցակիցը։
11 մարդ, որոնք Բուրյաթիա են տեղափոխվել Անդրբայկալյան շրջանի ՃՏՊ–ից հետո, ծանր վիճակում են գտնվում։ Ինչպես հայտնել են ՌԴ Առողջապահության նախարարությունից, վիրավոր է մոտ 40 մարդ, նրանցից 34-ի վիճակը գնահատվում է ծանր կամ չափազանց ծանր։ Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել ճանապարհային կանոնները խախտելու և տրանսպորտային միջոցը շահագործելու վերաբերյալ։