ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի — Sputnik. ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, ում անմիջական հսկողությամբ էին կատարվում աշխատանքները, հերթական անգամ այցելեց այս ճանապարհահատված, աշխատանքների արդյունքին տեղում ծանոթանալու նպատակով։
Նախարարը գոհ էր շինարարների աշխատանքից. «Աշխատանքը շատ բարձր որակով է կատարվել։ Մեկ ամիս առաջ այս ճանապարհը շատ վատ վիճակում էր, լրատվամիջոցները և համացանցային տիրույթը հեղեղված էին ճանապարհի լուսանկարներով։ Այսօր տեսանելի է կատարված աշխատանքը։ Մնացած գնահատականը կարող է ժողովուրդը տալ»,- նշեց Վահան Մարտիրոսյանը։
Միջպետական մայրուղու այս հատվածում փոսալցման աշխատանքների ծավալներն այնքան մեծ էին, որ գերազանցում էին 18 տոկոսը, այն դեպքում, որ 2,5 տոկոսից ավելի չպետք է լիներ։ Այդ պատճառով որոշում կայացվեց ճանապարհի 4,8 կմ երկարությամբ հատվածը հիմնանորոգել։
Ընտրվեց հիմնանորոգման ռեսակլերով եղանակը։ Ջրահեռացման աշխատանքների ավարտից հետո սառը մշակման եղանակով ամրացվեց հիմքը։ Դրանից հետո տեղադրվեց 5 սմ հաստությամբ ներքին խոշորահատիկ ասֆալտի շերտը, ապա՝ 4 սմ հաստությամբ վերին մանրահատիկ ասֆալտբետոնե ծածկը։
Ներկայում վերանորոգվում են արգելափակոցները, լցվում և խտացվում են կողնակները։