ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի — Sputnik. Կիսապաշտպան Մարատ Իզմայլովը պայմանագիր է ստորագրել «Արարատ» ակումբի հետ: Այս մասին հայտնել է ակումբի մամուլի խոսնակ Անդրանիկ Քերոբյանը։
«Իզմայլովի պայմանագիրը «Արարատի» հետ մեկ տարով է կնքվել։ Այսպիսի անվանի խաղացողներ «Արարատում» երևի էլ չլինեն։ Բայց ֆուտբոլում ամեն ինչ կարող է տեղի ունենալ, ամեն ինչ շատ արագ է փոփոխվում։ Կազմը դեռ շարունակվում է համալրվել», — ասել է նա Р-Спорт պարբերականին։
Ավելի վաղ «Արարատի» հետ պայմանագիր էին կնքել հարձակվող Ռոման Պավլյուչենկոն և կիսապաշտպան Ալեքսեյ Ռեբկոն։ 2017 թվականին հիմնված «Արարատ» ակումբը նոր խաղաշրջանում ելույթ կունենա Պրոֆեսիոնալ ֆուտբոլի լիգայում։
Իզմայլովն արդեն խոսել է «Արարատ» տեղափոխվելու մասին:
«Ինձ դուր եկավ Արարատի ղեկավարության խանդավառությունը, հետաքրքիր կառույց ստեղծելու նրանց ցանկությունը: Հուսով եմ, որ մենք միասին կկարողանանք հասնել ակումբի նպատակներին և ֆուտբոլից հաճույք ստանալ»,- ասել է նա վերջին հարցազրույցներից մեկում:
34-ամյա Իզմայլովն այս տարվա մարտին դադարեցրել էր պայմանագիրը «Կրասնոդարի» հետ և այդ ժամանակվանից որևէ ակումբի կազմում հանդես չէր գալիս։