Գյուղապետ Նարեկ Սահակյանի խոսքով` բաղանիսցիներն ավելի շատ անհանգստացել են երկրաշարժից, քան գնդակոծությունից։
«Կարծես կազմակերպված լիներ, մեկն ավարտվեց, մյուսը սկսվեց»,- ասաց նա։
Ըստ նրա` ադրբեջանական կրակոցների հետևանքով մարդկային կորուստներ չեն գրանցվել, իսկ վնասների չափը ճշտվում է։ Գյուղապետը վստահեցնում է` Բաղանիսում խուճապային տրամադրություն չկա։
«Մարդիկ արդեն փորձ են ձեռք բերել, պատսպարվելու ձևերը գիտեն, մտնում են ապահով սենյակներ»,- ասաց նա` ավելացնելով, որ կրակոցների հետևանքով որևէ մեկը գյուղը չի լքել։
Նրա խոսքով` գյուղը գնդակոծելուց առաջ ադրբեջանական կողմը նախ կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ։
«Մինչ գյուղի վրա կրակելը, սովորականի պես, դիրքային կրակոցներ եղան։ Հենց տեսնում են` գլուխ չեն հանում, սկսում են խաղաղ բնակչության վրա կրակել»,- ասաց Սահակյանը։
Գյուղապետի խոսքով` լինում են դեպքեր, երբ կրակոցներից հետո բնակիչը չի էլ գտնում իր տան վնասված հատվածը։
«Անձրևից հետո, երբ սկսում է ինչ-որ տեղից հոսել, այդ ժամանակ է պարզում, թե որտեղ է վնասվել։ Գյուղի ուղղությամբ երկու ժամ ինտենսիվ կրակ արձակելուց հետո հնարավոր չէ, որ ինչ-որ տեղ կպած չլինի»,- ասաց գյուղապետը։
Ըստ նրա` այսօր լուրն այնքան արագ է տարածվում, որը վարորդները տեղեկանում են գնդակոծությունների մասին և շրջանցում են գյուղը, սակայն Բաղանիսի մոտով անցնող ճանապարհը չի փակվել և շարունակում է գործել։