ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի — Sputnik. Փաստաբանների պալատում ներդրվեց «պրո բոնո» համակարգը։ Դա այն մարդկանց համար է, ովքեր չունեն բավարար միջոցներ փաստաբան վարձելու համար, բայց հայտնվել են դատական պրոցեսներում։ Այս համակարգը վաղուց ներդրված է աշխարհի զարգացած երկրներում։
Փաստաբանների պալատում բացված գրասենյակում անվճար հիմունքով կաշխատեն սկսնակ փաստաբանները։
«Փաստաբանական դպրոցն ավարտած և որակավորման քննությունները հաջողությամբ հանձնած երիտասարդ փաստաբաններից ընտրելու ենք առնվազն 20-ին ու աշխատասենյակն անհատույց տրամադրելու ենք գործունեություն սկսելու համար։ Փաստաբանների պալատի ստեղծած աշխատասենյակը կլինի բավարար հարթակ առաջին մեկնարկի համար։ Մեր առաջադրած միակ պայմանը, որ դրվելու է մեր գործընկերների առջև, անվճար իրավաբանական օգնություն տրամադրելն է մեր քաղաքացիներին»,- ասաց Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը։
Նրա խոսքով` այսպիսով թեթևացվելու է հանրային պաշտպանի բեռը։ Արա Զոհրաբյանը խնդրեց ուշադրություն դարձնել մի կարևոր հանգամանքի վրա` պետք չէ կարծել, որ եթե ինչ–որ բան անվճար է կամ իրականացվում է պետական ֆինասավորմամբ, ուրեմն որակապես թույլ ծառայություններ են մատուցվում։
«Օրինակ` հանրային պաշտպանի գրասենյակը որակյալ ծառայություն է մատուցում։ Թվերի լեզվով ասած` 2013 թվականին գրասենյակն ունեցել է 3200 քրեական գործ, 2016-ին այդ թիվը հասել է 5200-ի։ 2016-ին ունեցել են 38 արդարացում, 250-ից ավելի քրգործերի կարճում»,- ասաց Փաստաբանների պալատի նախագահը։
Փաստաբանների պալատում բացված գրասենյակի նորոգումն ու տեխնիկական հագեցվածությունը ֆինանսավորել է ֆրանսահայ փաստաբան, բարերար Ռայմոն Եզեգելյանը։
Հանդիսավոր միջոցառմանը ներկա էր նաև արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը։ Նա բարձր գնահատեց «պրո բոնո» համակարգի ներդրումը։
«Ես վստահ եմ, որ մոտ ապագայում այն դառնալու է էթիկական կանոն, մշակվելու են ստանդարտներ, որոնք կտարածվեն ոչ միայն սկսնակ փաստաբանների, այլև շուկայում գործող փաստաբանների վրա։ Արդեն կայացած պետություններում, որտեղ համարվում է, որ փաստաբանական գործունեությունն ամենաբարձր մակարդակում է, իրականացվում է ռեյտինգավորում։ Ռեյտինգավորման 4 չափանիշներից մեկը «պրո բոնո» ծառայությունների մատուցումն է»,- ասաց Դավիթ Հարությունյանը։
Բացի այդ, նրա խոսքով, առավել հաջողակ են համարվում այն փաստաբանական ընկերությունները, որոնք նման ծառայություններ են մատուցում։ Նախարարը կարծում է, որ անգամ փորձառու փաստաբանները պետք է ունենան սոցիալական պատասխանատվություն և մատուցեն նման ծառայություններ։
Sputnik Արմենիայի այն հարցին, թե արդյոք Հայաստանում այսօր բավարար հեղինակություն վայելում է փաստաբանական ինստիտուտը, նախարար Հարությունյանը բացասական ու նաև հուսադրող պատասխան տվեց։
«Դեռևս բավարար հեղինակություն չի վայելում մեր փաստաբանական ինստիտուտը, բայց ես կարծում եմ, որ դա ավելի շատ մղում է նոր քայլերի, եթե որևէ խնդիր Հայաստանի փաստաբանությունը չունենար, մենք ուղղակի կանգ կառնեինք»,-ասաց նա։
Հարությունյանն ընդգծեց, որ նախարարությունը Փաստաբանական պալատի հետ համատեղ մշակում է ծրագիր, որով ոչ միայն կկրթվեն փաստաբանները, այլև շարքային քաղաքացիները, որովհետև արդարադատության ու փաստաբանի դերի գիտակցումը վերաբերում է նաև հանրային կրթությանը։