ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Հին Գյումրին ֆայտոնչի շատ է ունեցել, սակայն, գյումրեցու ասած, «առաջին մաշնեքի Գյումրի մտնելուց հետո ամբողջը՝ բացառությամբ ֆայտոնչի Գրիշի ֆայտոնի, վերացան». եկամտաբեր չէր, այլևս հարս չէին բերում ֆայտոնով, տղամարդիկ էլ քեֆ —ուրախության ֆայտոնով չէին գնում:
Բայց ժամանակին գյումրեցի տղամարդը տեղ գնալու համար 3 ֆայտոն էր վարձում՝ մեկն անձամբ իր, մյուսն իր շապխի (գլխարկ), որն իր նամուսն էր համարում ու էդ ՙնամուս»-ը գետնին պատահաբար չգցելու համար ուրիշ ֆայտոնի մեջ էր դնում, իսկ 3-րդը՝ չաղլջիների (երաժիշտների) համար:
Իսկ ֆայտոնչի Գրիշը խոստացավ ու ոչ միայն պահեց իր ֆայտոնը, այլ նաև տարիների ընթացքում տարբեր ֆայտոններ ու կառքեր պատրաստեց: Գրիշենց տան բակից ֆայտոնը երբեք չի բացակայել: Ֆայտնոչի Գրիշի թոռը՝ Սամվելը, պապի մահանալուց հետո արդեն 8 տարի է ժառանգել է պապական գործը: Մինչև կյանքի վերջին տարիներին պապն ինքն է ֆայտոնի ձիերը պայտել, լծել ու քաղաք դուրս եկել։ Մինչև կյանքի վերջին օրն էլ չի թողել հարազատներին մոտենալ այդ գործին: «Երբ փոքր էի շատ էի սիրում ու խաղում ձիերի հետ, բայց պապը չէր թողնում, ասում էր՝ ձին մեկին պետք է ենթարկվի ու միայն էդ մեկը պետք է կերակրի նրան»,-նշում է ֆայտոնչին:
Մասնագիտությամբ դարբին Սամվելն ասում է՝ նույնիսկ 1988 թվականի ահավոր երկրաշարժից հետո շատ կարճ ժամանակ անց պապը ձիերը լծել ու քաղաք է դուրս եկել: Ֆայտոնը հիմա եկամտաբեր չէ՝ օրվա մեջ մեկը կամ երկուսը կարող են հաճույքի համար նստել, քաղաքում էլ քիչ մարդ է մնացել: Ձի պահելն էլ թանկ հաճույք է, բայց սա ավանդույթ է, որը պետք է պահել:
«Պետք է գործ ունենաս ու սա էլ հետն անես, միայն սրանով դժվար է: Ժողովրդի ձեռքը փող չկա, շատ դժվար է: 7 տարի առաջ, որ ձիերը կլծեի ֆայտոն նստելու համար, հերթ էր, իսկ հիմա նույնիսկ շաբաթ օրը մարդ չկա»,-նշեց Սամվելն` ավելացնելով՝ «ես տղեք ունիմ, թոռներ ունիմ, ընձնից հետո մեկն ու մեկը կլծե, հմի մոտ չեն գա: Ֆայտոնը չէ խնդիրը, ֆայտոն ունեցող քաղաքում կա, բայց ձի լծող չկա, ձի պահելն է դժվար»,-ասում է ու ցույց տալիս ձիերին:
«10 տարեկան են, ջահել են իսկական քշելու ժամանակն է: Սպիտակն Ասլանն է, շատ խելացի է, սևը Բուռիկն է, ինձ արդեն իմ հոտով են ճանաչում: Շատ լավ ու բարի ձիեր են, երեխաները երբ փաղաքշում են, հանգիստ կանգնում են: Ձիերը չորսն էին, ձմռանը 2-ին ծախեցինք, իմաստ չկար՝ պահելը թանկ էր: Ձին լավ ու հավատարիմ կենդանի է, որ մի քիչ զբաղվիս, ուր ուղարկես, կգնան: Այսքան ժամանակ մարդու խածած ու զարկած չկա»,- նշում է ֆայտոնչին ու փաստում՝ Գյումրու մասին պատմող բոլոր հին ֆիլմերում պապն է ու իր ֆայտոնը, հիմա էլ` ինքը:
Թեև այլևս թաղից թաղ գյումրեցին ֆայտոնով չի գնում, սակայն արհեստի ու արվեստի քաղաքի իսկական խորհրդանիշը ֆայտոնն է: Հին քաղաքի նեղ փողոցներով ձիերի դոփյունը եկեղեցիներ կառուցող քաղաքի անցյալի ու ներկայի մասին է պատմում: