ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի — Sputnik. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով Վահե Ստեփանյանն այսօրվանից ստանձնել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը։
Մինչ այդ նա 2016թ–ից նշանակվել էր աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ։
Վահե Ստեփանյանն իր աշխատանքային գործունեությունը սկսել է վիճվարչությունից, իսկ 1997թ–ից աշխատանքի անցել «Հայգազարդում»` հասնելով մինչև աշխատակազմի ղեկավարի տեղակալի և տնօրենների խորհրդի քարտուղարի պաշտոնին։
2011թ.-ին Կարեն Կարապետյանի Երևանի քաղաքապետարան աշխատած ժամանակահատվածում Վահե Ստեփանյանը նշանակվել է քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար։ 2011-2014թթ.-ին դարձյալ աշխատանքի է անցել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ում` իր նախկին պաշտոնում։
Հիշեցնենք` ՀՀ կառավարության աշխատակազմի նախկին ղեկավար նախարար-նախարար Դավիթ Հարությունյանը մայիսի 25-ին նշանակվել էր արդարադատության նախարար: Իսկ նախարարի պաշտոնը վերացվել էր կառավարության կազմում կառուցվածքային փոփոխության արդյունքում։
Այդ փոփոխությունների արդյունքում ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարն այսուհետև նախարար չի լինելու, բայց շարունակելու է ստանալ նախարարներին հավասար աշխատավարձ։