ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. Ռուսաստանի քաղաքացիները կարողանում են Հայաստան այցելել իրենց ներքին անձնագրերով, և այդ հանգամանքն ավելացրել է նաև Ռուսաստանից Արցախ եկող զբոսաշրջիկների թիվը. Ստեփանակերտում լրագրողներին ասաց Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանը։
Վարչապետի խոսքով` եթե նախորդ տարի զբոսաշրջային ակտիվության անկում էր գրանցվել, ապա այս տարի աճ է արձանագրվել։
«ՀՀ կառավարությունը մի շարք քայլեր է ձեռնարկել զբոսաշրջության զարգացման համար, այդ թվում վիզային արտոնություններ է տրամադրել Հայաստան այցելող ՌԴ քաղաքացիներին։ Այդ քայլն, անկասկած, դրական ազդեցություն է ունեցել», – ասաց Հարությունյանը։
Նրա խոսքով` զբոսաշրջությունն այն ոլորտներից է, որտեղ մարդիկ պատրաստ են ներդրումներ անել։ Հարությունյանը նշեց, որ կառավարությունը շարունակում է աշխատել նաև տնտեսության մյուս ոլորտները զարգացնելու ուղղությամբ։
2017 թվականի փետրվարի 23–ից Ռուսաստանի քաղաքացիները կարող են Հայաստան այցելել ներքին անձնագրերով։ Քաղավիացիայի գլխավոր վարչության տվյալների համաձայն` մեկ ամսվա ընթացքում ներքին անձնագրերով Հայաստան է այցելել ՌԴ 3091 քաղաքացի։