ԵՐԵՎԱՆ, 2 Հունիս — Sputnik. Հայաստանի ներկայացուցիչ 13-ամյա Անահիտ Ադամյանը «Մանկական նոր ալիք 2017» երիտասարդ կատարողների միջազգային երգի մրցույթում հաղթանակը կիսեց ռուսաստանցի Արինա Պետրովայի հետ։
Մերի Վարդանյանի հետ դուետի կազմում հանդես եկող հայ մասնակից Անահիտ Ադամյանը, որը ուսանում է Իգոր Կրուտոյի հանրահայտ երաժշտության ակադեմիայում, 2016 թվականին Մալթայում անցկացվող «Մանկական Եվրատեսիլում» զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը։
Մրցույթի եզրափակիչն անցկացվեց «Արտեկ» մանկական կենտրոնում։ Եզրափակչին մասնակցեց 13 հոգի աշխարհի 11 երկրից. Ռուսաստան, Հայաստան, Բելառուս, Բոսնիա և Հերցեգովինա, Գերմանիա, Իսրայել, Լատվիա, Մոլդովա, Ֆրանսիա, Ղազախստան, Աբխազիա, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Երկրորդ տեղը զբաղեցրեց իսրայելցի պատանի երգչուհի Կուպեր Տալին, երրորդը` ՆՏՎ հեռուստաալիքի և Sputnik միջազգային լրատվական գործակալության և ռադիոյի «Ты супер!» նախագծի մասնակից Եվգենի Բոյցովը։
«Հանդիսատեսի համակրանք» մրցանակին արժանացավ Ամինա Ժապարը Ղազախստանից։
Մրցույթի դափնեկիրներից մեկը` 13-ամյա Արինա Պետրովան, խոստովանեց, որ ելույթները նրան բազում դրական հույզեր են պարգևել։
«Ինձ շատ դուր եկավ, որ ժյուրին ոտքի կանգնեց, երբ ես ավարտեցի երգս և բոլորը բարձրացրեցին «տասը» միավորը։ Ես զգում էին նաև արտեկցիների աջակցությունը», – լրագրողների հետ զրույցում ասաց հաղթողը։
Ժյուրիի կազմում ընդգրկված էին Եվգենի Կրիլատովը, Գրիգորի Գլադկովը, Լև Լեշչենկոն, Եվգենի Կոմբարովը, Օլեգ Գազմանովը, Յուլիանա Կարաուլովը։ Ժյուրիի նախագահն էր պրոդյուսեր և կոմպոզիտոր Իգոր Կրուտոյը։ Մրցույթն անցկացվում էր ՌԴ կրթության և գիտության նախարարության հովանու ներքո։