ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի — Sputnik. Ֆրանսիան մշտապես կողմ է եղել, որ Հայաստանի և Եվրամիության համագործակցման մասին նոր համապարփակ և ընդլայնված համաձայնագիր լինի և աշխատել է այդ համաձայնագրի մշակման վրա։ Այս մասին լրագրողներին հայտնեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտիեն։
«Ֆրանսիան ԵՄ-Հայաստան բանակցությունների շարունակման ակտիվ կողմնակիցներից մեկն է։ Ֆրանսիան բազմիցս աջակցել է Հայաստանին, ոչ բոլոր պետություններն են պայքարել այդ համաձայնագրի համար», — ասաց դեսպանը։
Նրա խոսքով` ԵՄ-ի և Հայաստանի միջև համագործակցման մասին համաձայնագրի ստորագրումը կարևոր նշանակություն ունի տարածաշրջանում հավասարակշռությունը պահպանելու տեսանկյունից։
«Ես չեմ կասկածում, որ համաձայնագիրը կստորագրվի», — ասաց Շարպանտիեն։
Նրա տեղեկություններով` բուն համաձայնագրի տեքստը չի հրապարակվելու մինչև ստորագրման պահը։
Բրյուսելում փետրվարին ԵՄ նախագահ Դոնալդ Տուսկի հետ բանակցություններից հետո Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտնել է, որ նոր իրավական փաստաթղթի վերաբերյալ բանակցություններն ավարտվել են։ Այդ փաստաթուղթը վերաբերում է համապարփակ և ընդլայնված համագործակցությանը։