ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի — Sputnik. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) և Ստեֆան Վիսկոնտին առաջիկայում կայցելեն Հայաստան և Արցախ։ Այս մասին հայտնեց Էդվարդ Նալբանդյանը Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ հանդիպումից հետո կայացած ասուլիսի ընթացքում։
«Եռանախագահները տասն օրից կլինեն Հայաստանում` Երևանում: Նրանք ցանկություն ունեն գնալ նաև Ստեփանակերտ: Չեմ կարող ասել, թե արդյոք Ադրբեջանում պատրաստ կլինեն ընդունել եռանախագահներին, բայց նրանք տասը օրից լինելու են տարածաշրջանում՝ Երևանում և Ստեփանակերտում»,- ասաց Նալբանդյանը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։
Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը Հայաստան է եկել մայիսի 30-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով։
Պատասխանելով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների և նախագահների մակարդակով հանդիպման հնարավորության մասին հարցին՝ Նալբանդյանը նշեց, որ եռանախագահների այցի ընթացքում, եթե նման առաջարկ լինի, հնարավոր է քննարկվի նաև արտգործնախարարների հանդիպման հարցը՝ հետագայում նախագահների հանդիպում կազմակերպելու համար: