ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի — Sputnik. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մի խումբ անձանց պարգևատրել է պետական բարձրագույն պարգևներով, շնորհել նաև պատվավոր կոչումներ: Ոլորտները տարբեր են՝ գիտություն, կրթություն, առողջապահություն, տնտեսություն և այլն: Այդ ոլորտների ներկայացուցիչները պարգևատրվեցին ունեցած վաստակի, արդյունավետ աշխատանքի, հայրենասիրության, անմնացորդ նվիրումի, հայրենիք-սփյուռք կապերի խորացման և ընդլայնման գործում ունեցած նշանակալի ավանդի համար:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նախ շնորհավորեց բոլորին հանրապետության տոնի, այնուհետև պետության բարձր կոչումներին և պարգևներին արժանանալու առթիվ:
«Մեր երկրի դիմագիծը փոխելու համար մենք մշտապես պետք է բացահայտենք և մեծարենք արժանավորներին: Դա է լավը՝ վատից, ճիշտը՝ ստից, բարին՝ չարից զատելու և առանձնացնելու ուղին: Հասարակությունները հաջողություններ են գրանցում՝ հենվելով բացառապես ճշմարիտ արժեքների վրա: Վստահ եմ, որ լավը, ճիշտը, բարին մեր հասարակության անդամներին միավորող արժեքներ են: Դա է մեր պետականության հիմքերն ամրապնդելու և վստահորեն առաջ շարժվելու ճանապարհը»,-աասց նախագահը:
Երկրի ղեկավարը հիշեցրեց, որ անցած 99 տարիների ընթացքում ստեղծվել են բազմաթիվ արժեքներ՝ նյութական, հոգևոր, տեխնոլոգիական: Իսկ դրանք, նախագահի համոզմամբ, նվիրյալների և պրոֆեսիոնալների աշխատանքի, նրանց տաղանդի և նպատակասլացության արդյունք են:
«Այսօր մեր երկրում ընթացող բարեփոխումները ընդլայնվելու են՝ դառնալով լայնածավալ ու համակարգային, իսկ արդյունքները չպետք է երկար սպասել տան: Ավելին, դրանք պետք է զգալի լինեն և շոշափելի Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու կյանքում: Գալիք երկու-երեք տարիները բեկումնային են: Ակնկալում եմ, որ դուք ևս ձեր ողջ ներուժը և ձեր ամբողջական գիտելիքները ներդնելու եք այդ շնորհակալ աշխատանքում»,- ասաց Սարգսյանը:
Նախագահը վստահ է, որ հայ քաղաքացու կյանքն օրեցօր բարելավվելու է, իսկ Հայաստանը լինելու է ուժեղ և բարեկեցիկ երկիր: