ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի — Sputnik. Հանրապետության տոնի առիթով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով պարգևատրեց Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեստր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:
Պարգևատրման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում Հենրիխ Մխիթարյանը նշեց, որ իր համար մեծ պատիվ է տարբեր հարթակներում բարձրացնել հայկական դրոշը:
«Այդ գաղափարը ես վաղուց էի ցանկանում իրագործել, և ի վերջո ստացվեց, քանի որ մենք կարողացանք հաղթել Եվրոպայի լիգայում»,-ասաց Հենրիխ Մխիթարյանը:
Լրագրողներից մեկի հարցին, թե արդյոք իր գոլի հետ կհամեմատի նախագահից ստացած մեդալը, Մխիթարյանը պատասխանեց.
«Ոչ մի գոլի հետ չեմ համեմատի, դրանք անհամեմատելի են»,- ասաց նա:
Հենրիխ Մխիթարյանը վստահեցրեց, որ շատ հպարտ է նախագահի կողմից պարգևատրվելու համար: Նա հույս հայտնեց, որ պարգևը խթան կհանդիսանա, որպեսզի հետագայում ևս շարունակի նպաստել հայկական սպորտի զարգացմանը: