ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի — Sputnik. Այսօր` «Վերջին զանգի» արարողության ընթացքում, Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաները հիանալի ռազմական հմտություններ ցուցաբերեցին։
Շրջանավարտներին շնորհավորելու էր եկել ՀՀ պաշտպանության փոխնախարար Արտակ Դավթյանը։
«Այս տարի Հայաստանի ավելի քան 1400 ուսումնական հաստատություններում նշում են ուսումնական տարվա ավարտը, այդ թվում նաև` Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում։ Հերոս փնտրելու կարիք չկա, չէ՞ որ Մոնթե Մելքոնյանի հոգին այստեղ ամենուր է։ Սպա դառնալու համար միայն կրթությունը բավարար չէ։ Սպան հայրենիքի պաշտպանն է», — ասաց Դավթյանը։
Նա շնորհակալություն հայտնեց վարժարանի ողջ անձնակազմին` Հայաստանի արժանապատիվ քաղաքացիներ դաստիարակելու համար, նաև շնորհավորեց շրջանավարտներին` «Վերջին զանգի» կապակցությամբ` մաղթելով նրանց կանաչ ճանապարհ մասնագիտական ասպարեզում։
Վարժարանի շրջանավարտները ցուցադրեցին հրազենին տիրապետելու ունակություններ, ժումարի օգնության վերելք և պարանով վայրեջք իրականացրեցին, քարային խոչընդոտներ հաղթահարեցին և ոչ միայն։
Արդեն երեք տարի վարժարանի սան, կրտսեր սերժանտի օգնական Մանվել Այվազյանը Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում ասաց, որ որոշել է, թե ինչով է զբաղվելու ապագայում.
«Կդառնամ սպա` հայրենիքի պաշտպան։ Արդեն դիմել եմ ռուսական և հայկական զինվորական ուսումնական հաստատություններ ընդունվելու համար», — նշեց Այվազյանը։
Վարժարանի ևս մեկ շրջանավարտ Ռաֆիկ Մուրադյանը նշեց, որ նա պլանավորում է հետախույզ դառնալ։
«Ապագայում ինձ որպես հետախույզ եմ տեսնում։ Շատ ջանք եմ գործադրում և ձգտում եմ օդային դեսանտ ընկնել», — նշեց նա։
Ռաֆիկն ուսումը կշարունակի հայրենիքում, բայց ապագայում շատ կցանկանար Ռուսաստանի Դաշնությունում վերապատրաստում անցնել, և Հայաստանի համար արժանի սպա դառնալ։