ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Ջազի սիրահարները մայիսի 24-ին կհավաքվեն Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, որտեղ կկայանա «Էլլա Ֆիցջերալդ 100» խորագրով համերգը։ Երևանյան բեմում ելույթ կունենա նաև աշխարհահռչակ երգչուհի Մարջորի Բարնսը, որին համեմատում են Ֆիցջերալդի հետ։
«Մինչ այստեղ գալը և ոչինչ չգիտեի Հայաստանի մասին։ Առաջին անգամ եմ այս հին երկրում։ Ինձ հիացրել է հյուրընկալությունը, ջերմությունը, Երևանն ու երևանյան փողոցների գեղեցկությունը», — լրագրողներին հետ զրույցում ասաց Բարնսը։
Նա Հայաստան է ժամանել հայ ջազմեն Վահագն Հայրապետյանի հրավերով։ Համերգի անցկացման գաղափարի հեղինակը Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանն է։
Բարնսը խոստովանեց, որ ոչինչ չգիտի հայկական ջազի մասին, բայց փորձի հենց առաջին րոպեներից նրան զարմացրել է` ինչպես են հայերը ջազ նվագում։ Երգչուհին խոստանում է մյուս անգամ «ավելի պատրաստված» գալ։
«Ինձ համար ջազը հրավառություն է, երևակայություն, ազատություն, ստեղծագործություն, իմպրովիզացիա։ Կարելի է անվերջ թվարկել այս մակդիրները», — խոստովանեց երգչուհին։
Բարնսը համարում է, որ Էլլա Ֆիչցջերալդը ջազի թագուհին է և մեծ դեր է ունեցել իր` ջազային երաժշտության ընկալման հարցում։ Նա մինչ օրս ուսումնասիրում է Ֆիցջերալդի ոճն ու կատարման ձևը։ Բարնսը ջազով հրապարուրվել է դեռ դպրոցական տարիքում։ Իսկ ուսանողական տարիներին հստակ որոշել է կյանքը նվիրել երաժշտության այս ոճին։
Երևանյան համերգին կմասնակցեն նաև Սանկտ Պետերբուրգից ժամանած հայտնի երաժիշտներ Եգոր Կրյուկովսկիխը, Նիկոլայ Զատոլոչնին, Մաքսիմ Տիտկովը։
Համերգային ծրագիրը ներկայացնում են Հայաստանի մշակույթի նախարարությունը, «Կոնստանտին Օրբելյան» հիմնադրամը, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն ու ջազմեն Վահագն Հայրապետյանը։ Սիմֆոնիկ նվագախումբը կղեկավարի մաեստրո Օրբելյանը։
Էլլա Ֆիցջերալդը աշխարհահռչակ երգչուհի է, հայտնի է նաև որպես «Լեդի Էլլա», «Ջազի առաջին լեդի»։