ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Սանկտ Պետերբուրգից հայտնի երաժիշտներ Եգոր Կրյուկովսկիխը, Նիկոլայ Զատոլոչնին, Մաքսիմ Տիտկովը և աշխարհահռչակ ջազային երգչուհի Մարջորի Բարնսը Երևան կժամանեն` «Էլլա Ֆիցջերալդ 100» խորագրով համերգին մասնակցելու համար։
Համերգային ծրագիրը ներկայացնում են Հայաստանի մշակույթի նախարարությունը, «Կոնստանտին Օրբելյան» հիմնադրամը, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն ու անձամբ Վահագն Հայրապետյանը։
«Ակնկալվում է հերթական ջազային տոն կամ հրավառություն։ Հետաքրքիր ծրագիր է սպասվում», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց հայտնի հայ ջազմեն Վահագն Հայրապետյանը։
Նա հայտնեց, որ սիմֆոնիկ նվագախումբը կղեկավարի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը։
Հայրապետյանի խոսքով` հատուկ այս համերգի համար Օրբելյանը պատրաստել է Էլլա Ֆիցջերալդի օրիգինալ ջազային իմպրովիզները։
Երաժիշտը համոզված է, որ հանդիսատեսն առավելագույն հաճույք կստանա, քանի որ ջազը երաժշտության ամենաանկեղծ ձևն է։
«Ջազմենները բեմ են դուրս գալիս և հանդիսատեսի առաջ սկսում են ստեղծագործել, միմյանց հետ շփվել։ Դա խմբակային արվեստ է, որտեղ երաժիշտն ինչպես կատարող է այնպես էլ երգահան է», — ասաց Հայրապետյանը։
Նա ջազային երաժշտության հաջող կատարման ամենակարևոր պայման է համարում մեղեդին, ռիթմն ու ներդաշնակությունը։
Երաժիշտի խոսքով` Ֆիցջերալդը լիարժեք տիրապետում էր այս հմտություններին և նրա կատարած ստեղծագործությունները մինչ օրս սիրված են ջազն ընդունողների կողմից։