ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի — Sputnik. Forbes պարբերականը ծագումով հայ ռուսաստանցի ռեժիսոր Սեդրակ Անրեասյանին ներգրավել է ռուսական ամենահաջողակ ռեժիսորների ցանկում։
Անդրեասյանը 32,2 միլիոն դոլար ֆինանսական արդյունքով զբաղեցրել է վարկանիշային ցուցակի ութերորդ հորիզոնականը, իսկ նրա ամենաեկամտաբեր «Служебный роман. Наше время» («Ծառայողական սիրավեպ. Մեր ժամանակներ») ֆիլմը հավաքել է 14,7 միլիոն դոլար։
«Enjoy Movies ընկերության հիմնադիր Սարիկ Անդրեասյանը` ռուսական կինեմատոգրաֆի ամենահակասական և «օդիոզ» կերպարներից է։ 2014 թվականին Filmz.ru կայքը Enjoy Movies ընկերությունը ճանաչել է որպես ռուսական կինոշուկայի ամենաշահութաբեր ընկերություն», — նշում են Forbes-ի վերլուծաբանները։
2009 թվականից մինչև 2017 թվական Անդրեասյանը եղել է մոտ 20 ֆիլմի ռեժիսոր և պրոդյուսեր։
«Ընդ որում` կատակերգական ֆիլմերը քննադատների և մասնագետների շրջանում բացասական գնահատականներ են ստացել, իսկ ինքը` Անդրեասյանը հայտնի է դարձել որպես սկանդալային դատողությունների հեղինակ», — գրում է պարբերականը։
Forbes ամսագրի վերլուծաբանների պատրաստած վարկանիշային ցուցակի համաձայն` Թիմուր Բեքմամբետովը ճանաչվել է ամենահաջողված ռուս ռեժիսորը։ Պարբերականի կազմած ռեյտինգը 20 անուն ունի։ Եռյակի մեջ են նաև Լևան Գաբրիաձեն և Ֆյոդոր Բոնդարչուկը։