ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի — Sputnik. «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը կանցկացվի մայիսի 20-ին, որն ամեն տարի իրականացվում է մայիսի 18-ին նշվող Թանգարանների միջազգային օրվա շրջանակում:Այս մասին հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության մամուլի ծառայությունը:
«Թանգարանների գիշեր» ծրագիրը մեկնարկել է 2005 թվականից` Ֆրանսիայի մշակույթի և հաղորդակցության նախարարության նախաձեռնությամբ` ԻԿՕՄ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Եվրախորհրդի հովանավորությամբ:
2017 թվականին Հայաստանում և Արցախում միջոցառումներին մասնակից թանգարանների թիվը 113-ն է: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս
«Թանգարանների գիշեր» ակցիային և Թանգարանների միջազգային օրվան միացել են մի շարք նոր թանգարաններ: Այս օրերի ընթացքում 113 թանգարան բազմաբովանդակ միջոցառումներով իրենց դռները կբացեն հանրության առջև՝ հնարավորություն ընձեռելով մեկ անգամ ևս հետադարձ հայացք գցելու հայ ժողովրդի հազարամյակների պատմությանն ու մշակութային ժառանգությանը:
Այս տարվա կարգախոսն է` «Ցավոտ պատմություններ. դժվար պատմելին թանգարաններում»: Նշված թեման հնչեցվել է ԻԿՕՄ-ի հայկական թանգարանների ազգային կոմիտեի կողմից` ԻԿՕՄ-ի գագաթնաժողովի ժամանակ և նպատակ է ունեցել անդրադարձ կատարելու համամարդկային խնդիրներին` դիտարկելով դրանք հումանիզմի տեսանկյունից:
Թանգարանների միջազգային օրվա, Թանգարանների գիշերվա առիթով կազմակերպվող միջոցառումների շրջանակում, մայիսի 19-ին, Հայաստանի ազգային գրադարանում կբացվի Գրատպության թանգարանը: