Եզրակացնելու համար` Ադրբեջանը նոր լայնածավալ պատերազմի պատրաստվում է, թե ոչ, պետք է վերլուծել ոչ միայն բաց, այլև փակ տվյալները. այս պահի դրությամբ մենք նման հիմքեր չունենք. Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Դավիթ Բաբայանը։
Նրա խոսքով` Ադրբեջանն առաջ է քաշում արտաքին թշնամու կերպարը, որպեսզի երկրի բնակչության ուշադրությունը շեղի ներքին խնդիրներից։
Բաբայանի կարծիքով` միջազգային հանրությունն ավելի հասցեական պետք է դիմի Ադրբեջանին, քանի որ, նրա խոսքով, «Ադրբեջանն ահաբեկչական գործողություններ է իրականացնում նաև նույն միջազգային հանրության նկատմամբ»։ Նա այս համատեքստում մատնանշեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակումը։
«Միջազգային կազմակերպությունները համտեսում են ադրբեջանական խավիարը, և դա փաստորեն ազդում է նրանց ոգու և սրտի վրա` լցնելով ստամոսքը։ Բայց ինչքա՞ն կարելի է այդ տրամաբանությամբ շարժվել»,- ասաց Բաբայանը։
Նա անդրադարձավ նաև Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի` օրեր առաջ արված հայտարարությանը, ըստ որի`իրենց համար ընդունելի է «խաղաղություն` տարածքների դիմաց» բանաձևը։
«Եթե տեսականորեն մտածենք, որ Արցախը վերադառնում է ԼՂԻՄ-ի սահմաններին, իսկ Ադրբեջանը խոստանում է խաղաղութուն ապահովել, ու երկու օր հետո հարձակվում է, այդ դեպքում ինչպե՞ս և ի՞նչ գնով ենք վերականգնելու մեր անվտանգության մակարդակը։ Պարզ է, որ լինելու է նոր ցեղասպանություն։ Այդ աննորմալ գաղափարն ինչպե՞ս կարող ենք ընդունել։ Խաղաղության դիմաց կարող է լինել միայն խաղաղություն։ Այդ տարածքները մեր պատմական տարածքներն են և 70 տարվա բացառությամբ միշտ էլ մերն են եղել»,- նշեց Բաբայանը։
Նրա խոսքով` հասկանալի է, որ միջազգային հանրության համար պատմությունը երկրորդական է, մեզ համար` առաջնային, բայց այդ ամենի հետ մեկտեղ կան նաև անվտանգության խնդիրներ։
«Ինչպե՞ս կարող ենք թուլացնել մեր անվտանգության համակարգը` ապավինելով ահաբեկչական պետությանը, որտեղ հերոսացվում է մարդասպանը»,- ասաց Բաբայանը։
Ըստ նրա` եթե մենք խոսում ենք ինչ-որ քայլերի մասին, ապա դրանք պետք է լինեն համարժեք։
«Չի կարող լինել անվտանգության թուլացում` խոստման դիմաց։ Եթե հաշվի առնենք սահմանների վերաբերյալ պահանջները` Ադրբեջանն ուզում է մեզ ոչնչացնել և չի էլ թաքցնում դա»,- ասաց Բաբայանը։
Քանի որ Հայաստանի և Արցախի պաշտպանության նախարարությունները հայտարարություն են տարածել, որ երեկ` մայիսի 15-ին, Ադրբեջանը նոր սադրանք է իրագործել` կառավարվող հրթիռից կրակ վարելով պաշտպանության բանակի ռազմական օբյեկտի ուղղությամբ, Բաբայանն անդրադարձավ նաև սահմանին տիրող իրավիճակին։
Ըստ Բաբայանի`այս պահին հայկական կողմն ամեն ինչ անում է, որպեսզի զսպի հակառոկրդի գործողությունները, իրավիճակը վերահսկելի է։