ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի — Sputnik. «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը քվեարկեց Երևանի ավագանու ընտրություններին։
Իր ընտրությունը նա կատարեց Արաբկիր վարչական շրջանի N149 դպրոցում ընտրատեղամասի բացումից րոպեներ անց։
Նա նշեց, որ եկել է մարտական տրամադրությամբ:
«Ամբողջ գիշեր դիտարկել ենք ընտրատեղամասերը, հայտնաբերել ենք, որ 9/46 ընտրատեղամասում ոստիկանները տեղափոխում էին չհրկիզվող պահարանը: Ամբողջ օրը վերահսկելու ենք և՛ դրսում, և՛ ներսում», — նշեց Զարուհի Փոստանջյանը:
«Հանուն ինչի է նա քվեարկել» հարցին, Փոստանջյանը պատասխանեց. «Հանուն ազատության»։
Ժամը 08:00-ին բացվեցին բոլոր 474 ընտրատեղամասերը։ Ընտրություններին քաղաքական երեք ուժ է մասնակցում` ՀՀԿ-ն, «Երկիր ծիրանի» կուսակցությունն ու «Ելք» դաշինքը։
Հայաստանի հանրապետական կուսակցության քաղաքապետի թեկնածուն գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանն է։ «Երկիր ծիրանի» կուսակցության թեկնածուն` Զարուհի Փոստանջյանը, իսկ «Ելք» դաշինքինը` Նիկոլ Փաշինյանը։
Ըստ ընտրական օրենսդրության` կուսակցության կամ դաշինքի ցուցակի ընտրական ցուցակը գլխավորող առաջին համարի թեկնածուն համարվում է նաև քաղաքապետի թեկնածուն, և նա ուղղակիորեն, առանց ավագանու որոշման կարող է ընտրվել, եթե այդ կուսակցությունը կամ դաշինքը ստանա մանդատների մեծամասնությունը։ Եթե առաջին համարը հրաժարվի քաղաքապետի պաշտոնից, ապա քաղաքապետին կընտրի ավագանին։
Ավագանու ընտրություններին դիտորդական առաքելություն կիրականացնի միջազգային մեկ կազմակերպություն՝ Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը (ԵԽ ՏՏԻԿ), ինչպես նաև տեղական 17 հասարակական կազմակերպություն (5138 դիտորդ)։
Ավագանու ընտրություններին կհաջորդի քաղաքապետի ընտրությունը։