ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի — Sputnik. Ընտրելուց հետո վարչապետ Կարեն Կարապետյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, թե ինչպիսին կցանկանար տեսնել մայրաքաղաք Երևանը:
«Ժամանակակից, ճկուն կառավարման համակարգով՝ ուղղված երևանցիների պահանջներին»,-ասաց վարչապետը:
Այն դիտարկմանը, թե մի շարք խնդիրներ այս տարիների ընթացքում չեն լուծվել, վարչապետը պատասխանեց՝ ֆինանսների սղության պատճառով խնդիրներ կան, որոնց լուծումները հապաղում են:
«Բազմաթիվ խնդիրներ կան, որ դեռ չորս տարի կարող է չլուծենք, բայց դա չի նշանակում, որ հինգերորդ տարին չի լուծվելու Ես հիմա չեմ պնդում, որ 6 տարվա մեջ ամեն ինչ արվել է, մենք ունենք ֆինանսական խնդիրներ, ելնելով դրանից՝ խնդիրների որոշակի հերթականություն է դրվում»,-ասաց վարչապետը:
Գործադիր մարմնի ղեկավարը հայտնեց, որ տեղյակ է, օրինակ, մայրաքաղաքում տրանսպորտի խնդիրներին, տեսել է, թե ինչպես են մարդիկ երթևեկում և դա համարում է ոչ հարմար տարբերակ քաղաքացիների համար:
Նա հույս հայտնեց, որ այս և այլ խնդիրները ժամանակի ընթացքում լուծում կստանան: Մի բան վարչապետը միանշանակ կարևորեց՝ տարեցտարի ընտրություններն ավելի արդար են ու թափանցիկ են դառնում:
Նշենք, որ ընտրություններին քաղաքական երեք ուժ է մասնակցում` ՀՀԿ-ն, «Երկիր ծիրանի» կուսակցությունն ու «Ելք» դաշինքը։
Հայաստանի հանրապետական կուսակցության քաղաքապետի թեկնածուն գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանն է։ «Երկիր ծիրանի» կուսակցության թեկնածուն` Զարուհի Փոստանջյանը, իսկ «Ելք» դաշինքինը` Նիկոլ Փաշինյանը։