ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի — Sputnik. Քաղաքացիական պարտքը կատարելուց հետո Վլադիմիր Գասպարյանը պատասխանեց լրագրողների հարցերին։
«Քվեարկեցի հանուն կայունության»,- ասաց նա` չնշելով, թե քաղաքապետի որ թեկնածուն է ապահովելու այդ կայունությունը։
Ոստիկանապետն անդրադարձավ ընդդիմադիր ուժերի այն հայտարարություններին, որ այս օրերին ոստիկանները պետք է ՀՀԿ շտաբների մոտ հերթապահեն, որպեսզի ընտրակաշառք չբաժանվի։
«Մենք բոլոր շտաբների մոտ էլ ուշադիր ենք՝ սկսած Հանրապետականից, վերջացրած «Երկիր ծիրանիով»»,- ասաց նա:
Նշենք, որ ընտրություններին քաղաքական երեք ուժ է մասնակցում` ՀՀԿ-ն, «Երկիր ծիրանի» կուսակցությունն ու «Ելք» դաշինքը։
Հայաստանի հանրապետական կուսակցության քաղաքապետի թեկնածուն գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանն է։ «Երկիր ծիրանի» կուսակցության թեկնածուն` Զարուհի Փոստանջյանը, իսկ «Ելք» դաշինքինը` Նիկոլ Փաշինյանը։