ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի — Sputnik, Լիլիթ Հարությունյան. «Երևանյան նորաձևության շաբաթը» նախատեսվում է անցկացնել տարին երկու անգամ, Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հայտնեց միջոցառման կազմակերպիչ, «AFD-International fashion day»-ի հիմնադիր Նաիրա Նիազյանը։
«Կարելի է վստահորեն ասել, որ աշնանը մեզ լիարժեք նորաձևության շաբաթ է սպասվում։ Աշնանային ցուցադրությունն անցկացվելու է սեպտեմբերին, իսկ միջոցառումն այսուհետ պարբերական բնույթ է կրելու», — ասաց նա։
Նիազյանի խոսքով` բավականին զարմանալի է, որ Հայաստանում մինչ օրս նորաձևության շաբաթ չի անցկացվել։
«Fashion Week-ն, իմ կարծիքով, յուրաքանչյուր երկրի մշակութային կյանքի մասն է կազմում։ Տարօրինակ է, որ իր հարուստ մշակույթով հայտնի երկրում մինչ օրս նման միջոցառում չի անցկացվել։ Մենք շատ տաղանդավոր նկարիչներ, դիզայներներ, ոսկերիչներ, մոդելիերներ ունենք, որոնք իրենց հետքն են թողնում նորաձևության աշխարհում», — նշեց նա։
«AFD» հիմնադիրը նաև ավելացրեց, որ «Երևանյան նորաձևության շաբաթվա» անցկացման մասին առաջարկը նա ստացել է «Ռուսաստանի ոսկերիչների գիլդիա» ասոցիացիայի խորհրդի նախագահ, «Էսթետ» ոսկերչական տան նախագահ Գագիկ Գևորգյանից։
Նրա խոսքով` այս միջոցառումը կօգնի դիզայներներին փորձի փոխանակում կատարել և կապեր ստեղծել պոտենցիալ հաճախորդների հետ։
«Միջոցառումն, ինչպես արդեն հայտնի է, բացում է լեգենդար Վյաչեսլավ Զայցևը, այնուհետև էսթաֆետը կընդունեն Լիանա Սարգսյանն ու Գևորգ (Նուռ) Շադոյանը։ Երկրորդ օրը միջազգային է լինելու. իրենց աշխատանքները կներկայացնեն համաշխարհային ճանաչում ունեցող ֆրանսիացի դիզայներ Hayari-ին, Վարանտ Լամալինը` Լիբանանից և Ռուսաստանից Սվետլանա Եվստիգնեևան։ Իսկ երրորդ օրը զուտ հայկական նորաձևության կլինի, ազգային թեմատիկայով հավաքածուներ են ներկայացվելու», — ասաց Նիազյանը։
Նա նշեց, որ ցուցահանդես-վաճառքը հնարավորություն կտա սկսնակ հայ դիզայներներին պոտենցիալ հաճախորդների հետ երկխոսություն հաստատել։