ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի — Sputnik. Արամ Խաչատրյանի 13-րդ միջազգային մրցույթի ժյուրիի կազմում հայտնի երաժիշտներ են ընդգրկվել։ Ժյուրիի կազմում է նաև կանադահայ մեծահամբավ օպերային երգչուհի, սոպրանո Իզաբել Բայրաքդարյանը։ Նա առաջադրվել է «Գրեմմի» մրցանակի, Պլասիդո Դոմինգոյի վոկալիստների մրցույթի հաղթող է, պարգևատրվել է Էղիսաբեթ Երկրորդ թագուհու ոսկե մեդալով, արժանացել է բազմաթիվ այլ մրցանակների: Հանդես է գալիս աշխարհի ամենահեղինակավոր բեմերում և նվագախմբերի հետ։
Իզաբել Բայրաքդարյանն ասում է, որ դեռ հիշում է այն օրերը, երբ ինքն էր մասնակցում մրցույթների ու երգում։ Ուստի շատ լավ հասկանում է Խաչատրյանի մրցույթի մասնակիցներին, նրանց անհանգստությունը։
«Ինձ թվում է հաջողության գրավականը մեկին մյուսի հետ համեմատելը չէ, այլ ընդունելը, որ յուրաքանչյուրի ճանապարհն ու ճակատագիրն այս մոլորակի վրա առանձին և անկախ են միմյանցից։ Հույս ունեմ, որ այս փիլիսոփայությունը կօգնի յուրաքանչյուր մասնակցի, որպեսզի նրանք մրցույթի ընթացքում ցույց տան իրենց առանձնահատկությունն ու ինքնատիպությունը, քանի որ վերջիվերջո հենց դրանով են նրանք տարբերվելու: Մրցույթները կյանքի դասեր են տալիս, հորդորում են լինել բարի մյուսների, սեփական անձի նկատմամբ, պահպանել ներքին խաղաղությունն ու երբեք չկորցնել սեփական անհատականությունը»,- խոսելով մրցույթից և մասնակիցներից իր ակնկալիքների մասին՝ ասում է Իզաբել Բայրաքդարյանը:
Նա նկատում է, որ մասնակիցներին գնահատելիս ուշադրություն է դարձնելու վստահությանն ու տեխնիկային, բայցև՝ ինքնատիպությանը։ Երգչուհին նշում է, որ իր համար հաղորդակցությունը նույնպես առաջնային կարևորությունն ունի. «Ես ուզում եմ զգալ, թե ինչպես է նրանց հոգին դիպչում իմ հոգուն, ես ուզում եմ տեսնել նրանց երջանկությունը, երբ նրանք երգում են, որովհետև սա պետք է լինի ազատագրող և հաճելի փորձառություն թե՛ նրանց և թե՛ մեզ՝ լսողներիս համար»:
Անդրադառնալով այսօր երգեցողական արվեստի զարգացման միտումներին՝ Իզաբել Բայրաքդարյանն ընդգծում է, որ տարբեր մշակույթների երաժշտությունն ավելի ու ավելի մեծ ճանաչում ու ընդունելություն է ստանում: Ավանդաբար խիստ դասական աշխարհն ընդլայնում է իր հորիզոնները, ներկայացնում էկզոտիկ ներդաշնակություն, ռիթմեր և գործիքներ, որովհետև հանդիսատեսն այսօր բազմազան է և պահանջում է ավելի ընդգրկուն ձայն:
Խաչատրյանի միջազգային մրցույթն անցկացվում է ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո։ Մրցույթը կյանքի է կոչվում ՀՀ մշակույթի նախարարության, «Արամ Խաչատրյան մրցույթ» մշակութային հիմնադրամի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի համատեղ ջանքերի արդյունքում։ Մրցույթի պաշտոնական նվագախումբն է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը։
Այս տարի մրցույթը կմեկնարկի հունիսի 6-ին։ Խաչատրյանական մրցույթի ժյուրին կղեկավարի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը։
Մրցույթը մեծ ճանաչում և հեղինակություն ունի երաժշտական աշխարհում։ Խաչատրյանական մրցույթը Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի անդամ է. այն անցկացվում է միջազգային չափանիշներով։