ԵՐԵՎԱՆ, մայիսի — Sputnik, Խաչիկ Չախոյան. Հայաստանի հավաքականի կազմում մրցումների առաջին օրը մրցագորգ դուրս եկան 59 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը, 66 կգ քաշային Կարեն Ասլանյանը, 98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը և գերծանր քաշային Վաչիկ Եղիազարյանը:
Իհարկե, մենք հիմնական սպասելիքներն ունեինք օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանից: Բայց գոտեմարտերին հետևելիս նկատելի էր, որ մեր ըմբիշը լիովին չէր ապաքինվել ծնկի վնասվածքից հետո: Առաջին գոտեմարտում Ալեքսանյանը 4:1 հաշվով առավելության հասավ լատվիացի Վիլիիուս Լաուրինաիտիսի նկատմամբ և հետո էլ 5:1 հաշվով պարտության մատնեց սերբ Միխեիլ Կաջաիային:
Քառորդ եզրափակիչում մեզ անակնկալ էր սպասվում, քանի որ Ալեքսանյանը չկարողացավ իր առավելությունը դրսևորել նորվեգացի Ֆելիքս Բալդաուֆի նկատմամբ: Գոտեմարտն ավարտվեց 2:2 հաշվով, և հաղթանակը շնորհվեց նորվեգացուն: Ու քանի որ Բալդաուֆը հասավ եզրափակիչ փուլ, հայ ըմբիշը բրոնզե մեդալի համար պայքարելու իրավունք վաստակեց:
Սփոփիչ գոտեմարտում Ալեքսանյանը դժվարին հաղթանակի հասավ Չեխիան ներկայացնող Արթուր Օմարովի նկատմամբ, իսկ ահա բրոնզե մեդալի համար գոտեմարտում մեր ըմբիշը շատ հանգիստ, առանց խնդիրների 5:0 հաշվով պարտության մատնեց ուկրաինացի Դմիտրի Տիմչենկոյին: Այսպիսով հունահռոմական ոճի Հայաստանի հավաքականը վաստակեց առաջին մեդալը Եվրոպայի առաջնությունում
59 կգ քաշային կարգում Գևորգ Ղարիբյանն առաջին գոտեմարտում 2:3 հաշվով պարտվեց ադրբեջանցի Թալեհ Մամադովին ու դուրս մնաց հետագա պայքարից: 66 կգ քաշային կարգում Կարեն Ասլանյանը նույնպես առաջին գոտեմարտում պարտվեց թուրք Աթական Յուքսելին ու նույնպես դուրս մնաց հետագա պայքարից:
Գերծանր քաշային կարգում Վաչիկ Եղիազարյանը առաջին գոտեմարտում հաղթեց հույն մրցակցին, սակայն հետո պարտվեց հունգարացի Բալինտ Լամին: Վերջինս հասավ եզրափակիչ ու Եղիազարյանը իրավունք վաստակեց սփոփիչ գոտեմարտում մրցելու, բայց այստեղ էլ պարտվեց ռուս ըմբիշին:
Վաղը 71 կգ քաշային կարգում պայքարի մեջ կմտնի Ռաֆայել Ալեքսանյանը, որի մրցակիցն առաջին գոտեմարտում լինելու է թուրք Մուրդա Դագը: 75 կգ քաշային կարգում Կարապետ Չալյանի մրցակիցն է լինելու սերբ Վիկտոր Նեմեսը: Սարգիս Քոչարյանի մրցակիցը 80 կգ քաշային կարգում լինելու է ուկրաինացի Դմիտրո Պիշկովը, և վերջապես 85 կգ քաշային կարգում Մաքսիմ Մանուկյանը կսկսի իր ելույթը վրացի Ռոբերտ Կոբիաշվիլիի հետ գոտեմարտով: