ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի — Sputnik. Գերծանր քաշային Լևան Բերիանիձեն երրորդ բրոնզե պարգևը բերեց մեր ընտրանուն՝ հաղթելով Սլովակիան ներկայացնող Սոսլան Գագլոևին:
Մրցաշարը բավական դժվարին ստացվեց Լևան Բերիանիձեյի համար. նա առաջին գոտմարտում հաղթելով մոլդովացի Անդրեյ Ռոմանովին՝ քառորդ եզրափակիչում պարտվեց ադրբեջանցի Ջամուլեդին Մոգոմեդովին, բայց քանի որ վերջինս հասավ եզրափակիչ, մեր ըմբիշը իրավունք ստացավ սփոփիչ գոտեմարտ անցկացնելու:
Հաջորդ մրցակիցը Բելգիան ներկայացնող Հաջի-Մուրադ Իստապաևն էր: Լևանն այս անգամ վստահ անցկացրեց գոտեմարտն ու բրոնզե մեդալի համար մրցելու իրավունք վաստակեց: Ըմբշամարտի կովկասյան դպրոցի հերթական ներկայացուցիչ Սոսլան Գագլոևը ներկայացնում էր Սլովակիան:
Հայաստանը ներկայացնող Բերիանիձեն վերջին րոպեին գեղեցիկ հնարքի միջոցով կարողացավ երկու միավոր վաստակել ու հաղթանակի հասնել 3:1 հաշվով: Սա մեր ընտրանու երրորդ բրոնզե պարգևն էր Եվրոպայի առաջնությունում: Երեկ նույն հաջողությանը հասել էին Վոլոդյա Ֆռանգուլյանն ու Գրիգոր Գրիգորյանը:
Վաղը Եվրոպայի առաջնությունում մեկնարկ կվերցնեն հունահռոմեական ոճի ըմբիշները: