ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի — Sputnik. 61 կգ քաշային Վոլոդյա Ֆռանգուլյանը և 74 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանն առաջին մեդալները բերեցին Հայաստանի հավաքականին ազատ ոճի ըմբշամարտում:
Մեր երկու ըմբիշներն էլ շատ լավ հանդես եկան Եվրոպայի առաջնությունում: Հաշվի առնելով կիսաեզրափակիչ գոտեմարտերը նշենք, որ Ֆռանգուլյանը հասավ առավելագույն արդյունքի՝ նվաճելով բրոնզ, իսկ Գրիգոր Գրիգորյանը կարող էր և ոսկե մեդալ նվաճել, եթե փոքրիկ սխալ թուլ չտար կիսաեզրափակիչում: Սակայն, իհարկե, բրոնզն էլ ազնիվ մետաղ է:
61 կգ քաշային կարգում Ֆռանգուլյանը, երկու գոտեմարտերում հաղթանակի հասնելով, մտավ կիսաեզրափակիչ, որտեղ խոշոր հաշվով պարտվեց ռուսաստանցի Ախմետ Չակաևին: Իսկ ահա բրոնզե մեդալի համար պայքարում հայ ըմբիշը բացահայտ առավելություն դրսևորեց թուրք Աբդի Զուռնաչիի նկատմամբ ու կանգնեց պատվո պատվանդանի երրորդ աստիճանին:
74 կգ քաշային կարգում Գրիգոր Գրիգորյանն, իր ելույթները սկսելով որակավորման փուլից, մեկը մյուսի հետևից երեք հաղթանակ տոնեց, սակայն կիսաեզրափակիչում համառ պայքարում պարտվեց թուրք Սոներ Դեմիրթաշին՝ 6:8 հաշվով: Բրոնզե մեդալի համար պայքարում մեր ըմբիշը «մեկ շնչով»՝ 9:3 հաշվով պարտության մատնեց հույն Կիրիլոս Բինենմպաումին:
Այսպիսով, մեր ազատ ոճայինները նվաճեցին առաջին մեդալները Եվրոպայի առաջնությունում: Իսկ վաղը մրցագորգ են դուրս գալու 70կգ քաշային Վալտեր Մարգարյանն ու գերծանր քաշային Լևան Բերիանիձեն: