ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի — Sputnik. Սերժ Սարգսյանը ողջունել է հյուրին և կարևորել արդեն լավ ավանդույթ դարձած Երևանում Սանկտ Պետերբուրգի, իսկ Սանկտ Պետերբուրգում Երևանի օրեր անցկացնելու գաղափարը, որը, նախագահի համոզմամբ, օգտակար ու արդյունավետ հարթակ է երկու քաղաքների միջև համագործակցության ընդլայնմանն ուղղված հարցերի քննարկման համար: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ ՌԴ տարածաշրջանների հետ համագործակցությունը հայ-ռուսական դինամիկ զարգացող միջպետական հարաբերությունների կարևորագույն բաղկացուցիչն է և գոհունակությամբ է փաստել, որ ռազմավարական դաշնակից երկու երկրների միջև ապակենտրոնացված մակարդակով հարաբերությունները տարեցտարի ամրապնդվում ու խորանում են:
Նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն շնորհակալություն է հայտնել Հանրապետության Նախագահին ընդունելության համար և բարձր գնահատել Սանկտ Պետերբուրգի ու Երևանի միջև ձևավորված հարաբերությունների մակարդակը, որի հիմքում, ըստ նրա, հատկապես վերջին տարիներին բազմաթիվ ոլորտներում երկկողմ ջանքերով իրականացված աշխատանքի արդյունքն է, այդ թվում՝ ապրանքաշրջանառության որոշակի աճը:
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են երկկողմ փոխգործակցությունը զարգացնելու հնարավորություններն ու հեռանկարը:
Սանկտ Պետերբուրգի նահանգապետը և հանդիպմանը ներկա Երևանի քաղաքապետը պատրաստակամություն են հայտնել հետևողականորեն շարունակելու երկու քաղաքների միջև հարաբերությունների զարգացման ու խորացման ուղղությամբ աշխատանքը: