ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի — Sputnik. «Գծատեր» եզրույթը շուտով մոռացության կմատնվի, առայժմ` միայն մարզերում։ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում որոշել են միջհամայնքային և միջքաղաքային տրանսպորտի կառավարումը հանձնել մեկ միասնական օպերատորի։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նախարար Վահան Մարտիրոսյանը:
Նրա խոսքով` վարչապետի հանձնարարականով վերանայվել են կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղիները, հստակեցվել է չսպասարկվող 220 համայնքների ցանկը:
«Համապատասխան առաջարկների փաթեթը ներկայացվել է կառավարություն, իսկ տեխնիկատնտեսական առաջադրանքը կներկայացվի հունիսի 1-ին: Նախատեսվում է ստեղծել մեկ տրանսպորտային համակարգ, որը կսպասարկի բոլոր համայնքները»,- ասաց Մարտիրոսյանը։
Նախատեսվում է բարեփոխել նաև տրանսպորտի վճարման համակարգը։ Նախարարը չբացառեց միասնական տոմսերի համակարգ ներդնելու հնարավորությունը։
«Քարտ, որի վրա որոշակի գումար է, և որով կարելի է նստել ցանկացած ուղղությամբ գնացող երթուղային տաքսի կամ այլ տրանսպորտային միջոց»,- ասաց նախարարը:
Ըստ նրա` քարտերի ներմուծումը կարող է բերել նաև սակագների իջեցման։