Գոշ լճի խնդրին հասարակական ու պետական կառույցներն անդրադարձան միայն բնապահպանական տեսակետից, մինչդեռ ոչինչ չասվեց այն մասին, որ զբոսաշրջային ընկերությունները զբոսաշրջիկներին փաթեթներ էին վաճառել, որում ներառված էր նաև այցելությունը Գոշ լիճ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ասաց Հայկական աշխարհագրական նախագծի ղեկավար Տիգրան Շահբազյանը:
«Այսինքն այն պետական կառույցները, որոնք աշխատանքների թույլտվություն էին տվել, տուրօպերատորներին չէին զգուշացրել, որ լճի տարածքում ծանր տեխնիկա է աշխատելու: Զբոսաշրջիկները եկան խմբերով ու տեսան Գոշ լիճը, որն իրենց ներկայացվել էր որպես բնության գողտրիկ անկյուն, լեռներում, անտառի խորքում: Եկան-տեսան, որ այնտեղ ծանր տեխնիկա է աշխատում, շինարարություն է ընթանում»,- ասաց Տիգրան Շահբազյանը։
Նրա խոսքով` կատարվածը պետական մարմինների չհամաձայնեցված աշխատանքի հետևանք է:
Հիշեցնենք, որ «Վենդոռ» ՍՊԸ-ն Դիլիջանի Գոշ լճում թրթուրավոր տեխնիկա էր կիրառել՝ վնասելով լճի էկոհամակարգը:
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հայտարարել էր, որ լճի որոշակի հատվածներից տեխնիկայի միջոցով մաքրվել է տիղմը, ինչը ակտիվիստների ահազանգից հետո կասեցվել էր «Դիլիջան» ազգային պարկի տնօրինության կողմից: