ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի — Sputnik. «Զերկալո նեդելի» պարբերականը, հիմնվելով IMDb-ի և «Կինոպոիսկի» վարկանիշի վրա, կազմել է այս ամսվա ամենասպասված ֆիլմերի ցանկը։
Լավագույն հնգյակում ներառվել են Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմը (պրեմիերա. մայիսի 4-ին — խմբ.), «Գալակտիկայի պահապանները» ֆիլմի երկրորդ մասը, Արթուր թագավորի մասին ֆիլմը, «Օտարը» ֆիլմի շարունակությունը և «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի հինգերորդ սերիան, գրում է AnalitikaUA.net-ը։
«Խոստում» ֆիլմի հատուկ ցուցադրություններն Օդեսայում և Կիևում անցկացվել են ապրիլի 27-ին։
Ուկրաինական վարձույթում ֆիլմը ներկայացրել են «Ukrainian Film Distribution» ընկերությունը, «XXI Դար Ֆոքս» և «Դրիմվորկս անիմեյշն» ստուդիաների մատակարարները։ Ֆիլմի ցուցադրության, ինչպես նաև Կիևում և Օդեսայում ապրիլի 27-ին կայացած ցուցադրությունների պաշտոնական գործընկերներն են Ուկրաինայի հայերի միությունն ու «Արարատ» ապրանքանիշը։
Կիևի «Ocean Plaza» առևտրային կենտրոնի «Cinema city» կինոթատրոնում անցկացված պրեմիերային ներկա են եղել մայրաքաղաքի (ղեկավար Նորիկ Գևորգյան) և տարածաշրջանային համայնքների, հոգևորականության (Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինական թեմի առաջնորդ Մարկոս Հովհաննիսյանը), Ուկրաինայի հայերի միությունն ու Ուկրաինայի հայ երիտասարդության միության, «Ուկրաինայի հայեր» հարթակի ներկայացուցիչներ, հայտնի հասարակական գործիչներ, ժողովրդական պատգամավորներ։
Ցուցադրությունից առաջ երաժշտական կատարումներ են հնչել, ելույթ է ունեցել տաղանդավոր դուդուկահար Արմեն Կոստանդյանը։
Հանդիսատեսին է ներկայացվել նաև Ուկրաինայի հայերի միության` Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված տեսահոլովակը։ Ֆիլմի ցուցադրությունները մեծ հետաքրքրություն են առաջացրել։ «Խոստում» ֆիլմի պրեմիերային ներկա գտնված հանդիսատեսն ասել է, որ ֆիլմը ծառայում է իր հիմնական նպատակին։
Միջոցառման մասին պատմել են նաև ուկրաինական հեռուստաալիքները։ Ուկրաինայի շրջաններում և մայրաքաղաքում Հայոց ցեղասպանությանը նվիրված շուրջ 40 թեմատիկ միջոցառում է կազմակերպվել։