«Փաստ». Աշոտյանը ԱԺ-ում կփոխարինի Բաղդասարյանին
«Փաստ» օրաթերթի աղբյուրների հավաստմամբ` նոր խորհրդարանում Հանրապետական կուսակցությունը կղեկավարի Արմեն Աշոտյանը: Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա, քան իր նախորդը` Վահրամ Բաղդասարյանը:
Թերթը հիշեցնում է, որ Բաղդասարյանն ամիսներ առաջ մի քանի «կիքս» ունեցավ, որի համար կուսակցության նախագահը ուղղակի հրապարակավ «բամփեց» նրան:
«Ժամանակ». Գործադիրից՝ օրենսդիր
«Ժամանակը» գրում է. «Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցրած պաշտոնից և կվերցնի ԱԺ մանդատը և, անխոս, կզբաղեցնի ԱԺ փոխնախագահի պաշտոնը:
Թեև նրա անունը շրջանառվում է նաև ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար: Երեկ, երբ Արփինե Հովհաննիսյանի ԱԺ գնալը վերջնականապես հստակեցվեց, ակտիվացան քննարկումները, թե ով է լինելու արդարադատության նոր նախարարը: Շրջանառվող անունները դեռ շատ չեն: Ամենահավանականը համարվում է ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ներկայումս Սերժ Սարգսյանի խորհրդական Գևորգ Կոստանյանը»:
«Ժողովուրդ». վերադասավորումներ իշխանության ներսում
«Ժողովուրդ» թերթն էլ անդրադարձել նորընտիր պատգամավորների ինքնաբացարկին։ Թերթը գրում է. «ԿԸՀ-ն երեկ հրապարակեց պատգամավորի մանդատից հրաժարված թեկնածուների անունները: Ամենաշատը ինքնաբացարկ ներկայացրել են «Ծառուկյան» դաշինքից՝ 23 մարդ, 9-ը՝ ՀՀԿ-ից և 3-ը՝ ՀՅԴ-ից: Արդեն այսօր՝ ժամը 15:00-ին, ԿԸՀ-ն նիստ կգումարի և կքննի այդ դիմումները, կկազմի արձանագրություն՝ ԱԺ պատգամավորներ գրանցելու և մանդատներ տրամադրելու մասին: Չնայած չի բացառվում, որ դեռ մինչև ԿԸՀ նիստը, էլի լինեն ինքնաբացարկ հայտնող թեկնածուներ. համենայն դեպս, օրենքը չի արգելում:
Բայց անկախ նրանից, թե ԿԸՀ-ն այսօր ում կտա մանդատ, ապագա խորհրդարանի կազմն առաջիկայում դեռ էլի է փոփոխությունների ենթարկվելու. բանն այն է, որ պատգամավոր գրանցվելուց, ԱԺ առաջին նիստին մասնակցելուց հետո թեկնածուներից ոմանց Սերժ Սարգսյանը կարող է գործուղել կառավարություն՝ նշանակելով նախարարի կամ փոխնախարարի պաշտոնում: Այնպես որ, իշխանության ներսում վերադասավորումները դեռ երկար են շարունակվելու: Հնդկական ցածրորակ այս սերիալի մի քանի մասեր դեռ կըմբոշխնի հայ հասարակությունը: Ի դեպ, ԸՕ 100-րդ հոդվածը սահմանում է, որ ինքնաբացարկի մասին դիմումները պետք է նոտարական կարգով վավերացված լինեն կամ դիմողն այն ներկայացնի ԿԸՀ անձամբ»:
«Ժամանակ». Վարչապետի «ընտրյալը» օպերայում
«Ժամանակի» տվյալներով` Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնի համար երկու հավանական թեկնածու կա` մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանն ու ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Կարինե Կիրակոսյանը։
Բավական թեժ մրցակցություն է սպասվում։ Մեզ հասած տեղեկություններով` վարչապետ Կարեն Կարապետյանը շահագրգռված է, որ Օպերայի թատրոնի տնօրեն նշանակվի հենց Կարինե Կիրակոսյանը։ Մյուս կողմից էլ, նախկին նախարարը` Հասմիկ Պողոսյանը, առաջին տիկնոջ` Ռիտա Սարգսյանի ընկերուհին է, սակայն վարչապետը, մեղմ ասած, տանել չի կարողանում նրան ու այդ պատճառով էլ, երբ ձևավորվեց նոր կառավարությունը, տիկին Պողոսյանը հրաժեշտ տվեց նախարարի պաշտոնին։