ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի — Sputnik. «Եվրատեսիլ» մրցույթի հայ պատվիրակ Արծվիկի երգը հրապարակվելուց անմիջապես հետո բուռն վեճերի թեմա դարձավ։ Եվրատեսիլյան անցուդարձին ուշիուշով հետևողները սկսեցին քննադատել, իսկ մասնագետները զգուշավորություն ցուցադրեցին, իրենց խոսքով, «էքսպերիմենտալ» ստեղծագործության հարցում։ Մինչև մրցույթը չավարտվի, այդպես էլ հասկանալի չի լինի` երգն արտասովոր է դրակա՞ն, թե՞ բացասական առումով։
Գրեթե բոլոր քննադատները համակարծիք են, որ պետք է սպասել բեմական ելույթին` պարզելու համար հայաստանյան թիմի համարձակ ընտրությունը հաղթական ավարտ կունենա, թե կատարյալ պարտություն կկրի։
Սակայն այսօր Արծվիկի հաջողությունն ակնհայտ է դարձրել լրագրողական թիմի գնահատականը։ Նրանք «Եվրատեսիլի» գլխավոր փորձից անմիջապես հետո ավանդաբար ներկայացրել են իրենց գնահատականը և 100 հնարավոր միավորից հենց 100-ն էլ շնորհել են հայ երգչուհուն։
«Եվրատեսիլ-2017» մրցույթն այս տարի կանցկացվի մայիսի 9-ին, 11-ին և 13-ին Կիևում: Հայաստանի ներկայացուցիչը՝ Արծվիկը, ելույթ կունենա մայիսի 9-ին՝ 1-ին կիսաեզրափակչի ընթացքում: Մրցույթն այս տարի կանցկացվի «Տոնենք բազմազանությունը» կարգախոսի ներքո: